Այո՛, խնդիրը մեր մեջ է և մեր աշխարհընկալման մեջ է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չի կարծում, որ խնդիրը ոչ թե Արարատ-Արագած դիսկուրսի կամ օրհներգի մեջ է, այլ իշխանության մեջ է:
«Ոչ միայն անձամբ իմ մեջ է, բայց նաև անձամբ իմ: Այո, իմ մեջ է խնդիրը, այդ խնդիրը բոլորիս մեջ արտահայտվում է:
Ես զարմացած եմ օրինակ, որ օրհներգի հետ կապված ասենք դուք այդպիսի կոնտեքստ եք դնում: Օրհներգի տեքստի մեջ որևէ բան չի փոխվում, առաջարկն այն է, որ օրհներգը ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան» բառերով: Հիմա այն զոհվելու տեսարանով է ավարտվում ու մենք ծափ ենք տալիս»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ պետական մակարդակով երբեք չի ասվել՝ գնանք Արարատ հետ բերենք, հիմա ինչպե՞ս եք ասում՝ ասել ենք, որ Արարատը մերն է, դրա համար մեզ ժանգոտած հին զենքեր են վաճառում, Փաշինյանը պատասխանեց՝ նախ մենք ինչ ձեռք ենք բերում, ձեռք ենք բերում նորը:
«Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք առնվազն այնքան, որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել: Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության նվեր ստանանք, կամ եթե եղել է՝ շատ քիչ դեպքեր են։ Պրոբլեմը աշխարհն ընկալելու իմ կարծիքով մեր ձևերին չանդրադառնալու մեր սովորության մեջ է։ Որովհետև աշխարհը զարգանում է, փոխվում է, բայց մենք ինչպես շարունակել ենք ընկալել ոչ ճշգրիտ, այնպես էլ շարունակում ենք ընկալել ոչ ճշգրիտ:
Մենք ունեցել ենք սոցիալ-հոգեբանական կոնսենսուսներ, Ես այդ կոնսենսուսի մաս եմ եղել ոչ միայն որպես քաղաքացի, լրագրող, գլխավոր խմբագիր, պատգամավոր, այլև որպես ՀՀ վարչապետ։ Եվ ես վարչապետ գործել եմ այդ կոնսենսուսի տրամաբանության և շրջանակներում:
Մեր կոնսենսուսը պատմական Հայաստանի տրամաբանության մեջ է եղել: Հակասությունը պատմական Հայաստանի մեր արդիականության, մեր ընկալման մեջ է եղել։ Իրական Հայաստանը մեր մտածողության մեջ, որպես մեր գործողությունների բազիս, որպես ալֆա և օմեգա երբեք չի եղել։ Ես հանգել եմ այն եզրակացության, որ մենք պատմական Հայաստանի և իրական Հայաստանի ընտրանքի մեջ պետք է որդեգրենք իրական Հայաստանը: Ուրիշ տարբերակ պարզապես գոյություն չունի»,- ասաց Փաշինյանը:
Նա միաժամանակ նշեց, որ խնդիրը բոլորին է վերաբերում։
«Բոլորս ունենք այդ խնդիրը, մեր տարբերությունը մենակ մի բանում է, որ ես իմ կարգավիճակի և իմ անցած ճանապարհի բերումով, ինչքան էլ դա ճիշտ չի ասել, ստիպված եմ դրա հետ առերեսվել, դուք ստիպված չեք, դուք չունեք դրա կարիքը: Եե դուք դրա հետ չառերեսվեք, ոչ մի բան տեղի չի ունենա, ոչ ձեզ հետ, ոչ ինձ հետ, ոչ էլ երկրի հետ, բայց եթե ես չառերեսվեմ այդ խնդրի հետ և այս խնդրի հետ անկեղծ չառերեսվեմ, տեղի կունենան բաներ և ձեզ հետ և երկրի հետ: Ինձ հետը հլը ջհանդամ»,- ասաց Փաշինյանը: