Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսության ֆորումում» ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները թե՛ խաղաղության պայմանագրի նախագծի, թե՛ ընդհանրապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, իրականության բացահայտ խեղաթյուրում են. ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Նշվել է, որ անընդունելի է Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել «խաղաղության պայմանագրի» նախագիծ՝ չհամաձայնեցված կետերը բացառելով, ինչպես նաև անընդունելի են երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու նրանց փորձերը։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ ձևով է հայկական կողմը մտադիր ստորագրել «խաղաղության պայմանագրի» նախագիծը, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տեւական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է։ Այդ պահանջներն ամրագրված են այս երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն հղում է անում Անկախության ակտին՝ կոչ անելով «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։