Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ «երկակի ստանդարտների քաղաքականությանը». հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պաշտոնական Բաքուն հայտնում է՝ անընդունելի է, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնք «30 տարի աչք են փակել ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա, Բաքվի դեմ կողմնակալ» հայտարարություններ են անում։
«Մենք պահանջում ենք չմիջամտել մեր երկրի ներքին գործերին և վերջ դնել երկակի ստանդարտների քաղաքականությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բաքվի այս հայտարարության պատճառը Կոռնիձորում արգելափակված բեռնատարներն են, որոնք պետք է 400 տոննա հումանիտար օգնություն հասցնեին Արցախ, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տալիս բեռն անց կացնել Լաչինի միջանցքով։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն արդեն 2-3 շաբաթ տարբեր հարթակներում առաջարկում է օգտագործել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, սակայն հայկական կողմը մերժում է այս տարբերակը, որովհետև այլընտրանքային ճանապարհով տեղաշարժվելը կնշանակի համաձայնել Ադրբեջանի հետ Արցախն ինտեգրելուն։