Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ ներելու

10/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եպրաքսյա տատը մի քանի օր առաջ բոլորեց 111 տարին: Ծաղկավոր, փայլուն գլխաշոր է կապել, զարդանկար, սիրուն զգեստ է հագել, գլուխը հենել է թոռան՝ Արթուրի ուսին ու քննախույզ նայում է դեմքիս: Թեև տարիքից անհամեմատ երիտասարդ է երևում, այնուամենայնիվ, հարցնում եմ:

– Կկարողանա՞ք խոսել, Եպրաքսյա՛ տատ:

Տատը ժպտում է ներողամիտ.

– Ալեքսանդրապոլի Ամերիկյան որբատանն եմ գրաճանաչ դարձել: Մեզ հա՛մ անգլերեն էին սովորեցնում, հա՛մ ռուսերեն: Կարդալ շատ էի սիրում, ամբողջ օրը կարդում էի: Մանկության տարիներին սովորած ոտանավորները մինչև հիմա անգիր հիշում եմ: Հազար հատ ոտանավոր գիտեմ, կուզե՞ս՝ մեկն ասեմ:

Ես գլխով եմ անում:

– Ո՞ւր ես վազում այդպես արագ,

Ա՜յ դու կայտառ, սիրուն գետակ.

Կա՛նգ առ, խաղանք էս ծառի տակ:

-Չէ՛, փոքրի՛կըս, գնամ պիտի.

Տե՛ս ջաղացը գյուղի մոտի,

Պետք է ուժ տամ, որ պըտըտի:

Ցածն էլ հովտում անուշահոտ

Ինձ են մնում ծաղիկ ու խոտ,

Հոգնած-ծարավ տավարն ու հոտ:

Սառն աղբյուրը բարձըր սարի

Դրանց համար է ինձ տալի

Իր զով ջուրը կըլկըլալի:

Ես խանդավառված ծափահարում եմ:

– Կարող էի «Անուշը» արտասանել, բայց էս ոտանավորը մանկությունից եմ բերել հետս:

– Էրգրո՞ւմ եք սովորել:

Էրգիր բառը լսելով՝ տատը կտրուկ շտկվում է:

– Էրգիրը Ղարսի Լալոյի Մավրակ գյուղն է: Իմ հոր տունը:

Ղարսի Լալոյի Մավրակ գյուղում էր: Է՜՜… մի սուրու ոչխար ու կով ունեինք: Իմ հերը, իմ մերը, իմ երկու եղբայրները մի ընտանիք էինք՝ սիրտը՝ ուրախ, փորը՝ կուշտ:

– Թուրքը չէ՞ր նեղացնում,- հարցնում եմ: Եպրաքսյա տատը բռնում է թոռան ձեռքը, ասես՝ ինչ-որ վտանգից պաշտպանվելու համար:

– Մեր գյուղում թուրք չկար, թուրքը հետո եկավ: Հայը պիտի հեռու մնա թուրքից, որ ապահով լինի:

Տատը գլուխը խոնարհում է կրծքին ու փակում աչքերը: Արթուրը ձեռքով հասկացնում է, որ լռեմ, չխանգարեմ տատի «ուղևորությունը» դեպի անցյալ: Թողնեմ, որ նա թակի այն դուռը, որի հետևում իր կյանքի ամենահրեշավոր իրադարձություններն են: Ներս նայի այն պատուհանից, որի հետևում ջարդ է ու նախճիր:

– Հորեղբորս տղային թուրքերը սպանեցին հոր աչքի առաջ: Հորեղբայրս վշտից խելքը կորցրեց: Բոլորը ողբում էին, նա երգում ու պարում էր: Տղայիս պսակն է, նվագեք, խաղամ՝ ասում էր: Հետո հորս սպանեցին: Մենք ամեն ինչ թողած՝ փախանք: Հավը կրակին հում մնաց, խմորը գնդած թողինք…

Տատի ծնոտը կափկափում է:

– Թող էլ չպատմի, – ասում եմ Արթուրին ցածրաձայն:

– Եթե սկսել է, պիտի վերջացնի, – պատասխանում է Արթուրը:

– Սարիղամիշում, էրզրումում ամենուր դիակեր էին դարսված, թուրքերը սպանված երեխաների գլուխները ճոճում էին սրերի վրա…

Եպրաքսյա տատը լալիս է; Ձայնից եմ հասկանում, որ լալիս է: Ուսերը ցնցվում են, բայց արցունք չկա, արցունքը հոսել է մինչև վերջին կաթիլը, սպառվել է:

– Լավ, էլ մի՛ պատմեք, – ասում եմ, – եկեք Ձեր երեխաներից խոսենք:

Բայց տատը ինձ չի լսում, ամուր բռնել է թոռան ձեռքն ու խոսում է:

– Մայրս մահացավ գաղթի ճամփին: Ես, Հովհաննես ու Եղիա եղբայրներս գաղթականների հետ եկանք, հասանք Ալեքսանդրապոլ: Մեզ որբանոց տարան: Սկզբում մեծ եղբորս՝ Հովհաննեսին որդեգրեցին, տարան Եղվարդ: Հետո Եղիան՝ փոքրիկ եղբայրս, գնաց որբանոցից: Նրան ուղարկեցին Ամերիկա: Փոքրիկ, շատ փոքրիկ էր Եղիան: Հետքը կորցրի: Ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց, չիմացա: Եղիա՜ս…

Երբ 15 տարեկան էի, հորաքույրս ինձ որբանոցից իր տուն տարավ ՝ Անի Պեմզաշեն: Հետո ամուսնացա Վալադի հետ:

– Սիրո՞ւմ էիք Վալադին,- ես ուրախանում եմ, որ վերջապես փակեցինք անցյալի դուռը: Բայց տատը անարձագանք է թողնում ժպիտս:

– Ես Վալա՞դ էի տեսել, որ սիրեի: Հորաքույրս ասաց՝ պիտի ամուսնանաս, ամուսնացա:

– Վալադը սիրո՞ւն տղա էր,- ես շարունակում եմ տրամադրություն մոգոնել:

– Երանի քեզ, – ասում է Եպրաքսյա տատն ու ժպտում է ներող, – Վալադը ինձ պես որբ էր: Որբ գաղթական: Մեր սերը խիղճ էր, հարազատություն էր: Ուրիշ տեսակ սեր էր: Վալադը հոտաղ էր, մեծ նախիր էր արածեցնում: Ոչ տուն ունեինք, ոչ ապրուստ: Մեր ձեռքերով տուն շինեցինք: 7 երեխա ունեցանք: Երկուսը փոքր էին, որ մահացան, երկուսը՝ մեծ: Էսքան ցավ քարին տայիր, քարը կճաքեր…

– Հիմա ո՞ւմ հետ եք ապրում:

– Իմ ամենասիրելի թոռան՝ Արթուրիս հետ:

– Ապրիլի 21-ին Ձեր ծնունդն էր, տատի՛…

– 111 տարեկան դարձա…

– Ո՞նց անցավ տոնական օրը:

– Ամեն օրվա պես լույսը բացվելու հետ «Հայր մերը» ասեցի Սրբապատկերների ու Վազգեն 1-ի նվիրած գոբելենի դիմաց: Եկեղեցի չեմ կարողանում գնալ, ոտքիս ուժը պակասել է: Տանն եմ մոմ վառում …Մի ժամանակ ծնունդիս էնքան մարդ էր հավաքվում: Երեք երեխա, 84 թոռ ու ծոռ ունեմ: Բայց էս տարի չկարողացան գալ ծնունդիս, ընտանիքս մի հարկի տակ չհավաքվեց:

– Ոչինչ, – ես ոգևորում եմ տատին, – եկող տարի կհավաքվեն, կարևորը ՝ ողջ ու առողջ ես:

-…Ասում են՝ կներե՞ս թուրքին:

– Ո՞վ է ասում:

Տատը չի պատասխանում, իր մտքերի հետ է:

– Ասում են՝ բարեկամանանք թուրքի հետ, ներենք: Ի՞նչը ներեմ: Չեմ ներելու: Հինգ տարի առաջ՝ Եղեռնի հարյուրամյակին, մի լրագրող էր եկել Թուրքիայից: Ասաց՝ թուրք եմ, եկել եմ հետդ խոսեմ: Ես թուրքի հետ չեմ խոսի՝ ասեցի: Չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում: Պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր, իմանամ՝ ինչ է եղել: Ոչինչ չպատմեցի:

Հետո տատը դառնում է ինձ.

– Դու կներե՞ս թուրքին..

– Չէ՛, – ասում եմ, – չեմ ների, տա՛տ ջան: Չենք ներելու:

– Ապրես, – ասում է տատը, – թոռիս՝ Ալեքսանդրիս, կճանաչե՞ս:

Արթուրն ինչ-որ բան է հասկացնում ձեռուոտով, բայց ես գլխի չեմ ընկնում:

– Ալեքսանդրն ո՞վ է:

– Պիտի ասեիր՝ ճանաչում եմ, – փսփսում է Արթուրը:

– Թոռս՝ Ալեքսանդր Կարապետյանը: Ո՞նց չես ճանաչում: Մասնակցել է Արցախի կռվին, վիրավորվել է: Ինքն էլ քեզ պես թուրքին չի ներում: Հերոս տղա է: Հորս, մորս, հորեղբորս…բոլորի վերժն առել է թուրքից:

– Հա՜, հիշեցի, Իհարկե, ճանաչում եմ Ալեքսանդր Կարապետյանին: Իսկական հերոս է:

– Անցած տարի Արթուրիս հետ ցորեն էին ցանել: Քո կռիվը պիտի հաղթես, որ կարողանաս ցորեն ցանել: Ցորենը լիություն է: Խաղաղություն չեղավ, ցորենը չի աճի: Խաղաղությունը զինվորն է ուղարկում սահմանից: Գիտե՞ս՝ քանի թոռ ու ծոռ եմ բանակ ճանապարհել: Երեսունից ավելի: Էս պահին Վիրաբ ծոռս բանակում է: Վիրաբ Սիմոնյան: Զանգում է, հեռախոսը դնում են ականջիս, ձայնը լսում եմ, սիրտս հովանում է:

– Երկար ապրիր, տա՛տ ջան, առողջ ապրիր, – ասում եմ ես ու հրաժեշտ եմ տալիս Եպրաքսյա տատին:

– Աստծո Աջը միշտ վրադ լինի,- օրհնում է 111-ամյա տատը: Ղարսի Լալոյի Մավրակ գյուղից: Սպանդ ու կոտորած տեսած, աշխարհի փոքր ու մեծ ճամփաները մաշած՝ Գևորգյան գերդաստանի վերջին շառավիղը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՇՈՏ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Աղբյուր՝ Hayzinvor.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Կյանքը, մեր ամենքիս կյանքը, այնքան է տևում, որքան մենք պլանավորում, բովանդակում ենք այն»

Հաջորդ գրառումը

Աշոտ Գրաշի․ Կենսագրություն

Համանման Հոդվածներ

Միջազգային

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025
Նորություններ

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025
Նորություններ

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
Հաջորդ գրառումը

Աշոտ Գրաշի․ Կենսագրություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ պատերազմը Վրաստանին աղետի կհանգեցներ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Responsible Statecraft-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:...

ԿարդալDetails

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025

Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական