Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին խնդրեցին անդրադառնալով փաստին, որ 7 տարվա դատավարությունից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվել է, հետևաբար համաձա՞ն է, որ իր կողմից նրա դեմ ներկայացված տեղեկությունները սուտ էին։ Լրագրողները Թորոսյանին հարց ուղղեցին՝ արդյոք չի պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել Դավիթ Սանասարյանից։
Ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց.
«Գործը ժամանակին հարուցվել է մեր կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ այն ժամանակ Պետական վերահսկողական ծառայության մի շարք աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները վերազանցելու կասկածով։ Այդ բոլոր աշխատակիցների գործերը կարճվել են ոչ արդարացման հիմքով։
Այսինքն, ըստ էության, նրանց մեղավորությունն ապացուցված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Սանասարյանի մասնակցությանըն այդ գործընթացներին, դա եղել է իրավապահ մարմինների գնահատականի հարցը։ Ո՛չ Արսեն Թորոսյանը, ո՛չ որևէ ցուցմունք տվող անձ այդտեղ որևէ լիազորություն չունի, և իրավապահ մարմիններն են որոշում այս կամ այն անձին մեղադրանք առաջադրե՞ն, թե չառաջադրեն, դատարանն էլ որոշում է՝ արդարացնե՞լ, թե մեղավոր ճանաչել։
Եվ դատարանի վճիռը բոլորիս համար, ըստ էության, վերջնական ակտ է, և այդքանով պետք է սահմանափակվենք։ Ես որևէ մեկին մեղադրանք չեմ առաջադրել»։
Դիտարկմանը, որ փաստորեն, իր ունեցած տեղեկությունները սուտ են եղել, Թորոսյանը պատասխանեց.
«Ես չեմ շարունակում, որովհետև Դուք ընդհատեցիք ինձ։ Ձեր տեղեկություններն են սուտ, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել»։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Արդարացման դատավճռից հետո Սանասարյանը հայտարարել էր, որ երբ իր գործով դատավոր էր նշանակվել Դավիթ Բալայանը, ինքն ինչ-որ առումով ուրախացել էր, քանի որ որքան էլ վերջինիս պահվածքի հետ շատ դեպքերում համաձայն չի եղել, սակայն գիտեի, որ Բալայանն արդարամիտ է, և չեն կարողանալու նրա վրա ճնշումներ գործադրել։
«Իրավունք չունեմ պահանջելու, որ ինձ վերականգնեն պաշտոնին, քանի որ իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել։ Իսկ թե հետագայում ինչ քայլեր ենք անելու՝ կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ։ Այս պահին այլ հարցերի չեմ ուզում պատասխանել, ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ծնողներիս, կնոջս, երեխաներիս, որ այս ծանր տարիներին եղել են կողքիս, փաստաբանական խմբին, որ անշահախնդիր կանգնած է եղել կողքիս, այն քաղաքացիներին, ովքեր այստեղ են եղել բոլոր դատերին, բոլոր նրանց, ովքեր առաջին օրվանից չեն հավատացել այս շինծու գործին։
Բոլորիդ շատ սիրում եմ, շնորհակալություն եմ հայտնում»։
Սանասարյանը հարցերին պատասխանելիս չէր կարողացել զսպել հուզմունքը։





