Ես ու ամուսինս Արցախից բռնի տեղահանվելուց և երևանյան բուժհաստատություններից մեկում ամիսներ շարունակ անվարձահատույց ապրելուց հետո այժմ վարձով ենք բնակվում. մեկ սենյականոց բնակարանը վարձակալել ենք ամսական 150 հազար դրամով, այն դեպքում, երբ ես և ամուսինս միասին 120 հազար դրամ թոշակ ենք ստանում. այդ գումարը չի հերիքում անգամ տան վարձը տալու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրին։
«Ստիպված երկու ամսով մի երկու տեղ «ստից» աշխատել եմ։ Դրանով ամեն ինչ ավարտվել է, և հիմա անընդհատ մտածում ենք՝ ոնց անենք, որ կարողանանք տան վարձը տանք։
Իմ այդ աշխատանքի շրջանակներում եղել եմ ՀՀ երկու մարզերում՝ Կոտայքում և Լոռիում՝ ընդհանուր առմամբ 24 գյուղում։ Հանդիպել եմ շուրջ 200 արցախցու, հարցրել ընտանեկան պրոբլեմների մասին։ Մարդիկ 4 անգամ տեղահանվել են, որովհետև չեն կարողանում տան վարձ տալ, չեն կարողանում տեղավորվել գումարի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով արցախցիներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրին՝ Հասմիկ Միքայելյանը նկատեց՝ իր և իր որդիների ընտանիքները չեն օգտվում ՀՀ կառավարության սահմանած որևէ առաջնահերթությունից, ինչը նշանակում է, որ բնակարան ձեռք բերել կարող են ամենավերջում։
«Խայտառակ անորոշ վիճակում ենք։ Ես ու ամուսինս այսօր ամբողջ օրը քննարկում ենք այդ ծրագիրը, զանգել ենք մեր տղաներին, ասում ենք՝ ի՞նչ անենք, որ մի բան ստացվի։ Չգիտենք՝ այդքան կապրե՞նք, որ պետությունից տուն ստանանք։ Եթե անգամ տղաներիս հետ միանանք, մեծ խնդիրների առջև ենք կանգնելու, որովհետև թեկուզ մեզ հասանելիք գումարը ավելացնենք նրանց գումարին, մեկ ավել սենյակի չի հերիքի, որ ամուսիններով առանձին ապրենք։
Իմ բոլոր տղաներն ու թողները պատերազմներ անցած են, մեկ թոռնիկս էլ զոհվել է։ Բոլոր թոռնիկներս էլ ամուսնանալու տարիքում են, 7-ից 5-ը՝ նշանված, և հենց իրենք բնակարանների խնդիր ունեն։ Նրանք ևս որևէ առաջնահերթություն չունեն։ Սա ողբերգություն է՝ ողբերգություն ողբերգությունից հետո։
Հիմա իմ զավակները ո՞նց են ապրելու այն բնակարանում, որը պետությունը տալու է չգիտեմ որ թվականին և քանի քառակուսի մետր։ Սա է պատճառը, որ երիտասարդները ուզում են գնալ. բայց ո՞ւր գնան, ո՞ր պետություն։ Բոլորը Հայաստանն են սիրում, Արցախն են սիրում»,- ասաց արցախցի կինը։
Հասմիկ Միքայելյանը շեշտեց՝ ինքը կարող է ամուսնու հետ արտագաղթել Ռուսաստան՝ բարեկամների մոտ, բայց չի ուզում։
«Կարող ենք Ռուսաստանում մի կերպ յոլա գնալ, այնտեղ էլ մեռնել, բայց չենք ուզում։ Ստացվում է՝ ՀՀ իշխանություններն արհեստական պայմաններ են ստեղծում, որ արցախցիները ելք չունենան, Հայաստանից գնան։ Լրիվ փակուղային վիճակ է։
Արցախահայերի մասին գեղեցիկ հայտարարություններ են հնչում՝ մեր սիրելի քույրերն ու եղբայրները… ներողություն, հերներս անիծում են, պրծնում, թե մենք ձեզ սիրում ենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը։