Բանաստեղծ Էդուարդ Մանվելյանի ՖԲ էջից, –
․․․
Այնպես ստացվեց, որ մարդկային հոգու և մարմնի Ճարտարապետ-Արարիչը ձեռքի տասը մատներ շնորհեց իր գերագույն ստեղծագործությանը, ու թեև, ձեռքի տասը մատներ բնության մեջ էլի կհանդիպեն, բայց միայն մարդուն շնորհ արվեց՝ օգտագործել այդ մատները Արվեստ կերտելու համար։
Մարդկային պատմությունը, որտեղից էլ որ այն սկիզբ առնի, որոշակի տարեթվերի, օրերի և անունների հասնելիս, կտրուկ թռիչքներ է անում, և թվում է՝ եթե տասը մեր մատների վրա անուններ տալիս, հերթով ծալենք ու բացառենք այդ անունները, համամարդկայինն ու Աստվածայինն անգամ, անիմաստ կդառնային։
Ըստ Էյնշտեյնի, ժամանակի ու արագության մեջ, ամեն թիվ կհավասարվեր զրոյի, իսկ Նիցշեն, ով ավելի մեծ կարևորություն էր տալիս Զրոյին, ասում էր․
«Ուզում ես քեզ տասնապատկե՞լ, քեզ հարյուրապատկե՞լ ես ուզում, համախոհնե՞ր ես փնտրում․ միամի՜տ, Զրոնե՜ր փնտրիր»։
Համամարդկային միակ իրական արժեքը, ինչի հաշվին դեռ կարելի է արդարացնել մեր ապրելու իրավունքը՝ Արվեստը, տվեց մեզ այն Զրոյական կետերը, ում անունները, պատմության կողքին դնելիս, պատմությունը հարյուրապատկվեց ու հազարապատկվեց, և նույնիսկ արագության մեջ, բոլոր թվերն են փոշիանում ու լուծվում՝ Մեծն Զրոյական կետերի մեջ, ինչի հաշվին էլ՝ հավիտենությունը դեռ մի կերպ շնչում է․․․
․․․
Ահավասիկ, նա, ով հայուհի խորթ մոր՝ Եվգենիա Լիխալատովա (Մարտիրոսովա), կամ պարզապես՝
Ժենեչկայի (այդպես էր նրան դիմում) հետ կապված լինելով, նաև առեղծվածային կապ ուներ Հայի արյան հետ։
Ուրալներում թափառելով մեծացած, սովետներից քշված,(ինչպես Օկուջավան, ում նա իր Ուսուցիչն էր համարում) բայց դեռևս կենդանության օրոք լեգենդ դարձած, Զրոյական ևս մեկ կետ, ով Փարաջանովի պես չբացահայտված խելառների համար ինքն էր խելագարվում։ Ով իր վարձած բնակարանում Տարկովսկի ու Շուկշին էր իրար գլխի բերում։ Ով իր առաջին ու հարազատ ընկերոջ՝ Լևոն Քոչարյանի հետ, «Большой Каретный» փողոցի բնակարանում հավաքույթներ էին կազմակերպում, ինչն այնքան էլ, մեղմ ասած, ապահով չէր այն տարիներին։ Ավելի ուշ, վաղամեռիկ ընկերոջ Լևոն Քոչարյանի մասին նա կգրի․
Где твои семнадцать лет?
На Большом Каретном.
А где твои семнадцать бед?
На Большом Каретном.
Անվերծանելի ու առեղծվածային մնաց Վիսոցկու կապը Փարաջանովի հետ։
Սակավաթիվ և երբեմն բավականին դժվարամատչելի աղբյուրներում սփռված են նրանց ծանոթության, կապվածության և փոխադարձ ահռելի հարգանքի մասին վկայությունները։ Մինչ այժմ որևէ փորձ չի արվել նրանց փոխհարաբերությունները վերլուծելու ուղղությամբ։ Թերևս, ոչ այնքան նյութերի սահմանափակության պատճառով, այլև այն պատճառով, որ,թվում է, դժվար է համատեղել միմյանցից այդչափ տարբեր երկու անձանց։ Մեկը՝ բանաստեղծ ու դերասան, մյուսը՝ կինոռեժիսոր և կոլաժի վարպետ։ Մեկը՝ պոեզիայի մեծ գիտակ, ով արտերկրից իր հետ բերում էր Մանդելշտամի, Գումիլյովի, Նաբոկովի, Կլյուևի հատորները, մյուսը՝ մեծ արվեստագետ, ով իր տանը պահում էր ընդամենը երկու գիրք, սակայն, փոխարենը, իրանական արվեստի իր փայլուն իմացությամբ գերազանցում էր նույնիսկ լավագույն մասնագետներին։ Մեկը, գիտակցելով, թե ինչպիսի երկրում է ապրում, իր ելույթներում բավականին զգուշավոր էր, իսկ մյուսը, կարող էր դանիական թերթի հետ ունեցած հարցազրույցում ասել, թե ԽՄԿԿ ԿԿ քսանհինգ անդամներ ձգտում են իր բարեհաճ վերաբերմունքին, ինչը, իհարկե, ճիշտ չէր և, ի վերջո, պատճառ դարձավ նրա ձերբակալության ու 4-ամյա ազատազրկման համար։
Ավելի ուշ, երբ «զոն նայողին» էտապ կանեն, ու կգա նոր գող, ով չէր ճանաչում Փարաջանովին, նույն օրը, նոր զոն նայողը «քսիֆ» կստանա Վիսոցկուց՝ իր նկարով, նկարի հետև կողմում մակագրված՝ “Параджанова нельзя трогать-В.Висоцкий”.
Այդուհանդերձ, նրանք ունեին նաև ընդհանրություններ՝ և՛ Փարաջանովը, և՛ Վիսոցկին ունեին քչերին տրված իրավունք՝ իրենց ստեղծագործություններում փաստերի հետ ազատ «խաղալու» իրավունքը։ Այն, ինչը ստեղծագործողների մեծամասնության պարագայում աչք կծակեր և կընկալվեր որպես անփութություն, Փարաջանովի և Վիսոցկու պարագայում պարզապես շրջանցվում էր և չէր նկատվում։ Քանդելով պատմական ճշմարտացիությունը՝ նրանք ստեղծում էին գեղարվեստական ճշմարտացիություն, իսկ դա արվեստում, անշուշտ, շատ ավելի կարևոր է։
«Նրա մեղքն այն էր, որ ազատ էր»,- Փարաջանովի մասին գրել է Բելլա Ախմադուլինան։
«Իմանալով Փարաջանովի վաղաժամկետ ազատ արձակման մասին՝ Վիսոցկին անմիջապես սուրաց դեպի նրա ժամանակավոր կացարանը,- գրում է Ս․ Դանիելյանը։- Շեմին չհասած՝ ծնկի իջավ պատշգամբի առաջ։ Արցունքները հոսում էին նրա աչքերից, իսկ վերևում, սեփական արցունքները չնկատելով և բազրիքին ասես մեխված, նրան ժպտում էր սևաչյա մորուքավորը»։
Այսպես, երկուսի ճակատագիրն էլ, թերևս, ընթանում էր երկու զուգահեռներով, որոնք, ի ջգրու ճշգրիտ գիտությունների, մերթընդմերթ հատվում էին.
Վիսոցկին հալածվում էր բրեժնևյան ռուսսիայում, Փարաջանովը, միշտ վտարանդի, ցմահ թափառական, հավետ խելառ ու անուղղելի գիժ, այդպես էլ չգնահատվեց ազգի կողմից, ում ինքը պատկանում էր.
«Государству я нужен в гробу! Вот когда я буду в гробу – я стану драгоценностью! Потому что нужно за эпоху отчитываться!»-այսպես է մի անգամ իր մասին խոսել Փարաջանովը, թեև, իրավամբ, խոսքերն այս կարելի է ասել նաև Վիսոցկու մասին, ու չգիտես ինչ չար զուգադիպությամբ, նախախնամությունը կոնկրետ ամսաթիվ կընտրի՝ 1972-ի ՀՈՒԼԻՍ 25-ի լուսանալուն պես, Վիսոցկին երեխու պես կոռնա ցավից՝ մյուս հայ հարազատին կորցնելու համար՝ Լեոնիդ Ենգիբարովին, ում հետո կնվիրի իր մղկտոցը տողերի մեջ.
Шут был вор, он воровал минуты,
Грустные минуты, тут и там․
Грим, парик, другие атрибуты,
Этот шут дарил другим шутам․․․
Կանցնի ևս ութը տարի, և 1980 թ-ի, նորից նույն ՀՈՒԼԻՍ 25-ի լուսանալուն պես, Վիսոցկու մահվան մասին պաշտոնապես լուր չի հրապարակվի, քանի որ այդ պահին Մոսկվայում ընթանում էին Օլիմպիական խաղեր: Միայն թատրոնի դրամարկղի ապակուն կփակցնեն համեստ գրություն՝ «Մահացել է դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻՆ»: Նրա մահվան մասին կգրեն ընդամենը երկու թերթ՝ «Երեկոյան Մոսկվան» ու «Սովետական մշակույթը»: Ռադիոն, հեռուստատեսությունը եւ կենտրոնական լրագրերը կլռեն, ու Վիսոցկու համար, ցավից կոռնա արդեն, ցավի մեջ կոփված Փարաջանովը․․․
Կանցնի ևս տասը տարի,1990-ի, նորից ՀՈՒԼԻՍ 25-ի համար, Տոնինո Գուերիան կգրի.
«Երբ Երեւանում թաղում էին ռեժիսոր Փարաջանովին, մոտ քառասուն աստիճան շոգ էր: Քաղաքը կանգ էր առել, որպէսզի պատուի իր մեծ արուեստագէտին: Արեւը կանգնած էր զենիթում, եւ ստուերները մարդկանց ոտքերի ու տների տակից չէին հեռանում: Օդը եռում էր բերանում, եւ ցայտաղբիւրները չոր էին: Երկու ժամուայ ընթացքում Երեւանի փողոցներով շարժւում էր ցաւից ու ծարաւից սեւացած մարդկանց մռայլ ստուերը: Մինչեւ որ մէկը դիմեց իրենց տների զովութեան մէջ մնացած ծերունիներին, եւ այդժամ բացուեցին պատուհաններն ու առաջին հարկի դռները, եւ ջրով լի բաժակներով ձեռքեր յայտնուեցին, որ ձգւում էին դէպի թաղման թափօրը: Մարդկանց վիթխարի, ձգուող շղթան բաց դագաղի ետեւում, ուր ննջում էր Փարաջանովը, հալչող սառոյցի կտորներով պատուած, սկսեց ցրուել:Մարդիկ վազեցին դէպի այդ բաժակները: Աղօթքի կոծերը թաղուեցին ջրի համար վիճող ձայների աղմուկում, եւ այդպէս շարունակուեց մինչեւ գերեզմանոց, ուր գիշերով, ձեռքերով փոս էր փորուել, ինչպէս ընդունուած է անել պաշտելի մարդկանց համար: Լուսանկարիչը, ում բախտ չէր վիճակուել լուսանկարել Փարաջանովին ողջ, կարող էր այժմ պատկերել նրան անշարժ` դագաղի մէջ: Ցաւօք, ողջ ժապաւէնը լոյս էր տեսել. հնարաւոր է, որ դա ռեժիսորի վերջին կատակն էր: Երբ մարմինը շիրիմ իջեցրին, մարդիկ ծնկի եկան ու սկսեցին դագաղի վրայ բռերով հող լցնել, մինչեւ որ դատարկութիւնը լցուի…»
………
Այսպես, նույն օրը՝ չարաբաստիկ հուլիս 25-ին, միաձուլվեցին երկնքում՝ երկրի վրա կենդանության օրոք գրեթե չգնահատված երեք հանճարներ՝ Լեոնիդ Ենգիբարյանը, Վլադիմիր Վիսոցկին ու Սերգեյ Փարաջանովը…
Միաձուլվեցին, որ երկնակամարով ճամփորդեն ասուպների պես՝ իբրև խավար երկնքի չմարող Աստղեր, թեև, ողջերի համար, նույն ծեծված օրենքն է միշտ էլ թագավորել՝ երկրավորները Աստղերին նկատում են միայն՝ երբ Նրանք ընկնում են…
(Ի դեպ․Փարաջանովից վեցը տարի անց,1996-ին, դարձյալ նույն ՀՈՒԼԻՍ 25-ին, Սոչիյում մահացավ հայ հռչակավոր երգահան Միքայել Թարիվերդիևը)
Эдуард Манвелян