Հասարակական տրանսպորտի հետ կապված ցանկացած փոփոխություն, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, միտված է նրան, որ հավելյալ հավաքագրումների միջոցով նաև տրանսպորտային ցանցի բարելավում իրականացվի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե տրանսպորտի թանկացումից հետո հավաքագրումներն ի՞նչ խնդիր են լուծել՝ քաղաքի բեռնաթափմա՞ն, թե՞ բյուջեն լցնելու։
«Մենք հիմա եկել, բախվել ենք մի շատ լուրջ խնդրի։ Երբ տոմսային փաթեթները ներդրվեցին քաղաքապետարանի կողմից, փետրվարից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ այս հինգ ամիսների ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի, մետրոպոլիտենի և «էլեկտրական ավտոբուս» ՓԲԸ-ների կողմից ընդհանուր հաշվով հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։
Այս թվերը առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ մենք ունենք և արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու, կասեմ հետևյալը, որ այդ ակցիաների արդյունքում, երբ մարդկանց ամեն կերպ համոզում էին, որ չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, մենք հիմա ունենք մի վիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր և հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս։ Նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն էդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ էդ գումարը որպես էդպիսին չկա։
Հետևապես 30 նոր տրոլեբուսները, որը պետք է լիներ 45-ի մեջ, արդեն դուրս են եկել ցանկից։ Եթե հավաքագրումները շարունակվեն նման տեմպերով, չի բացառվում, որ այդ 15 տրոլեբուսն էլ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերել»,-ասաց քաղաքապետի խոսնակը։
Ըստ Կոստանյանի՝ չվճարումները բերել են բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների և Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում, օրինակ, հանրակրթության ոլորտից գումարներ կրճատել և ներդնել հասարակական տրանսպորտի մեջ։