Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․ Այսօրվա պայքարը հողից ավելի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին է. Պատգամ Ոսկեպարից
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզը Ավետման տոնին՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։
Այսպիսին էր հրեշակի և փոքրիկ աղջնակ Մարիամի երկխոսության ավարտը, վերջին խոսքը մարդունն էր. «Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը: Եվ թող ինձ պատահի ըստ քո խոսքի»։
Վերջին խոսքը եղավ մարդու ամբողջական հանձնառությամբ, ամբողջական պատասխանատվությամբ։
Մեր ամբողջ կյանքը Աստծո և մարդու խոսակցության մասին է, որի հետևանքով մարդը կա՛մ ընդառաջում է և դառնում համագործակից, կա՛մ մերժում է և դառնում իր աղետի և կործանման պատճառը։
Մարդիկ հարցնում են՝ երբ չեմ տեսնում Աստծուն, ինչպե՞ս հավատամ, շատ եմ ուզում հավատալ։ Թթվածնի օրինակը բերենք․ մենք ապրում ենք թթվածնի տիրույթում, չենք տեսնում թթվածինը, բայց այն մեզ ամենաանհրաժեշտն է
Գտնվում ենք Ոսկեպարում` խորհրդանիշ դարձած միջավայրում` 7-դարում կառուցված Սուրբ Աստվածածնի անունով օծված սահմանապահ տաճարում։ Աստծո կամոք, ժամանակների մեջ, այնքան կընդլայնվեն մեր երկրի սահմանները, որ այս տաճարը կլինի ոչ թե սահմանապահ, այլ կդառնա համայնքի կենտրոն։ Դա տեղի կունենա մեր հանձնառությամբ, պատասխանատվությամբ և զոհաբերվելու պատրասխանատվությամբ
Աստվածամոր պես իր անունով հռչակված այս տաճարն էլ այսօր իր թևերը տարածել է մեր ողջ Հայաստանի, մեր ողջ ժողովրդի վրա: Այս փոքրիկ տաճարն էլ հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հաղթանակի խորհրդանիշը
Այստեղ է վճռվում և որոշվում Հայոց կյանքը։
Մարիամը վճռական գտնվեց ասելու` համաձայն եմ, վճռական գտնվեց` ասելու այո՛ ճշմարտությանն ու արդարությանը՝ չնահանջելու պայմանով, չհանձնվելու պայմանով․․․ Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը ԱՅՈ ասելու ։
Ներքին թշնամիներն իրենց իսկ բերած դժվարության պատճառով մեզ բոլորիս փորձում են բանտարկել, կապել, կաշկանդել, սպառնալ․․․ մենք պետք է հաղթենք, որպեսզի ինչպես ասում է Սուրբ Վարդանը` բարձրանա ճշմարտության կողմը։
Այսօրվա մեր պայքարը հողից ավելի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին է։
Ճշմարտությունը ազատագրող է, սուտը` կաշկանդող։
Ընտրության առջև ենք` ի՞նչը և ո՞ւմ ենք ընտրելու`
ճշմարտությունը, թե սուտը,
արդարությունը, թե կեղծիքը,
Աստծուն, թե սատանային,
Հարությունը, թե գերեզմանը,
Անմահությունը, թե մահը։
Մեր շնորհավորանքներն ենք հղում մեր նահատակների մայրերին, քույրերին, այրիներին, դուստրերին։
Ավետման խորհուրդը՝ մայրության և գեղեցկության տոն․ սա գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու մեզ մեր մտածողության զուլալությունը, թե ինչպես ենք մենք տեսնում ու գնահատում մեր մայրերին ու քույրերին` որպես ՄԱՅՐԵՐ և որպես ԳԵՂԵՑԻԿՆԵՐ։
Այսօր կանգնած ենք վճռական ժամանակների մեջ։ Այսօր Ոսկեպարը դարձել է ՊԱՅՔԱՐԻ և ՀԱՂԹԱՆԱԿԻ խորհրդանիշ։ Այն մինչև այս պահը կարողացել է բեկել թշնամական ծրագրերը, և այն կկարողանա նաև միջոց դառնալ այդ խորհրդանիշը հասցնելու ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ գագաթին։
Մեր կյանքն այստեղից սկսվում է, բայց այստեղ չի ավարտվում․․․
Ոսկեպարը թող մեզ հասցնի Արցախ․․․
Ոսկեպարի տաճարը ժամանակին չղջիկների բնակավայր էր, մարդկային ներկայությունից չղջիկները հեռացան․․․ մեր կյանքի «չղջիկների» հետ էլ է այդպես լինելու․․․
Այնտեղ, որպեղ մարդը հոգով ներկա կլինի, խավարասեր չղջիկները չեն լինի։
Դուք լույսով ու հոգով ներկա եղեք, հաղթանակն էլ կունենաք․․․ Մենք լույսով ենք հաղթելու․․․





