Այսօր իշխանամերձ լրատվամիջոցներից մեկի լրագրողը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ճեպազրուցի ժամանակ հարց ուղղեց՝ արդյոք քաղբանտարկյալ է եղել իրենց իշխանության ժամանակ բանտ նստած Նիկոլ Փաշինյանը։
Արմեն Աշոտյանը նախ պատասխանեց՝ բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են մարդիկ, ում քրեական հետապնդումները դիտվել են որպես քաղաքական բանտարկություն, սակայն Սերժ Սարգսյան իշխանության գալով՝ բանտերը դատարկվել են այդ մարդկանցից։
Ճշգրտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյա՞լ էր, ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ ո՛չ, նա քաղբանտարկյալ չէր։
«Նա մարդ էր, ով կոչ էր անում բռնի գործողությունների։ Եվ եթե նայում եք միջազգային փաստաթղթերը, ապա բռնի գործողությունների կոչ անող մարդիկ, որոնք մեղադրվել են նաև ատելություն քարոզելուև մնացածի մեջ, քաղաքական բանտարկյալ չեն դիտվում։
Այն, ինչ եղել է մինչև 2018 թվականը, դա այնքան զրո է նրա համեմատ, ինչ այսօր է կատարվում մեր երկրում։ 2018 թվականին մենք իշխանազրկվեցինք, պրծավ՝ մեր բոլոր առկա և բացակա, իրական և վերագրվող թերություններով։ Երկիրն այսօր քանդվում է»,- ասաց Արմեն Աշոտյանը։





