Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և 18 այլ անձանց գործով դատական նիստը։ Այսօր քննության առարկա կդարձվի նաև խափանման միջոցների հարցը։
Նշենք, որ ի աջակցություն Բագրատ Սրբազանի՝ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել դատարանի բակում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չկարողանալով ՀՀ Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած՝ նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ։