Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք անելու. քայլերի հաջորդականություն կդնեք անունը, կամ ինչ կլինի, այս հավաքը ազդեցություն ունենալու մասին է։ Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Այսքան մարդ, այսքան գիտելիք, այսքան փորձառություն… Այսքան նվիրում ունեցող մարդու՝ մեկ տեղ հավաքվելուց հետո չի կարող ազդեցություն չունենալ մեր դաշտում։ Դրանք կլինեն դեսպանատների մակարդակով, դրանք կլինեն զուտ հանրային մակարդակով, դրանք կլինեն ուղղակի մարտահրավերի նպատակով։
Դիվանագեետների համահայկական խորհուրդը երկու անգամ տարբեր առիթներով հայտարարություն է արել, երկու անգամն էլ Արտաքին գործերի նախարարությունը, որից միայն շենքն է մնացել, արձագանքել է։ Եվ արձագանքն էլ չի եղել գաղափարական դաշտում. եղել է վիրավորական։
Հիմա մենք այստեղ ինչքան էլ խոսում ենք, խոսում ենք պետության՝ չարված գործառույթների մասին։ Եկեք ասենք՝ ինչ ենք անելու հիմա, ոչ թե ապագան ինչպես ենք տեսնում»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա հարց հնչեցրեց՝ մենք անցնելո՞ւ ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ասածների կողքով։
«Բլինքենը եկել է, ով ասես՝ եկել է։ Մենք արձագանքե՞լ ենք, խոսե՞լ ենք, քննարկե՞լ ենք։ Բայց այն ներուժը, որ այստեղ կա, ո՞նց է ծառայեցվել այդ նպատակին հասանելու համար։
Եվ այո՛, Տրդատ Մեծը լուրջ քաղաքակրթական որոշում է կատարել հոգևոր դաշտում, որն ազդեցություն է ունեցել թե՛ դիվանագիտական հարաբերությունների մեջ՝ բարեկամներ պահելով երկու երկրների, որոնք ցանկանում են պոկել Հայաստանը դեպի իրենց կողմ։
Իմ խնդրանքն է, որ լինի գործառույթների սահմանում՝ ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք հակազդելու, ինչպե՞ս ենք դառնալու ալտերնատիվ միջոց, ինչպե՞ս են դեսպանատներն արձագանքելու մեր ասածներին, ինչպե՞ս է միջազգային հանրությունը խոսելու, քանի՞ լրատվական է գալու մեզ հետ խոսելու։
Ինձ թվում է՝ այս ճանապարհը պետք է ընտրենք, այլապես մեր տաղավարներում խոսում ենք, իրար հանդիպելուց խոսում ենք, էլի խոսում ենք, էլի խոսելու ենք։ Շատ մեծ հնարավորություն է՝ ներուժը դարձնելու ներազդեցություն»,- ամփոփեց Սրբազանը։