Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքո՞վ, թե՞ նաև անօրինական զենքով։ Եվ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, որ հիմնականում հրազենի գործադրմամբ հանցագործությունները կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս։ Մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են նոր նախագծով մարդկանց պարտադրում հանձնել պարգևատրած զենքերը։
Նախարարը նաև նկատեց՝ քննարկումների արդյունքում պարզել են, որ զենքի պարգևատրման հստակ ստանդարտներ չկան։
«Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է, և այս նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել զենքի պարգևատրման ինստիտուտում, և ըստ այդմ՝ չափանիշներ նախատեսել, որոնց բավարարելու դեպքում անձինք կշարունակեն ունենալ այդ զենքը։ Իսկ եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշները, ապա ենթակա կլինի կամավոր հանձնման ՀՀ ոստիկանությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահների՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման ենթարկելու և երեք ժամ անց ազատ արձակելու փաստին՝ նախարարը հավաստիացրեց՝ եթե ոստիկանությունն այս կամ այն անձի մասին ունի օպերատիվ տվյալ որևէ տարբերություն չկա՝ տվյալն ում է վերաբերում։
«Այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա ուղղակի անընդունելի մոտեցում է»,- ասաց Արփինե Սարգսյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին հատուկջոկատայինները Երևանի Թումանյան փողոցից ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով, բայց նրանց մոտ ապօրինի զենք չի հայտնաբերվել: 3 ժամ հետո նրանք բոլորն ազատ են արձակվել:








