Նոյեմբերի 7-ից 22-ը Փարիզում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունվել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում ընդգրկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հայաստանի Հանրապետության կողմից վերոնշյալ հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն մի շարք անդամ երկրների և երկրների խմբի կողմից։
Մասնավորապես՝ Ֆրանսահայ հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ավելի քան 80 անդամ ունեցող ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ։ Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից՝ ստանալով Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբանանի և Լեհաստանի աջակցությունը։
Տեղեկանք.1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 25 հոբելյանական տարեթիվ:
Նախորդ երկամյակի համար հաստատվել էին ՀՀ կողմից ներկայացված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի և ՀՀ ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանի հայտերը»,-ասվում է հաղորդագրությունում։