Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը ընդամենը սիմվոլիկ բնույթ է կրում։ Սակայն ապագայում նմանօրինակ փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի արցախահայությունը կարողանա հետ վերադառնալ Արցախ՝ առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Դա արդեն այլ հարց է՝ հետագայի խնդիր, սակայն Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագիրը, այն է՝ Արցախի լուծարման փաստաթղթի չեղարկումը, ամեն դեպքում կարևոր է։ Ճիշտ է, այդ հրամանագիրը ներկա պահին ընդամենը խորհրդանշական բնույթ ունի, որովհետև, կրկնում եմ, քանի դեռ Հայաստանում իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ, նմանօրինակ հրամանագրերը գրեթե առ ոչինչ են. իսկ Նիկոլ Փաշինյանը և իր թրքաբարո թիմն ավելի թուրք ու ադրբեջանցի են, քան թուրքերը»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերյան հայտնի դեպքերից մեկ ամիս հետո՝ 2023-ի հոկտեմբերի 19-ին, սակայն հրապարակվում է միայն հիմա, Գագիկ Համբարյանը նշեց՝ Սամվել Շահրամանյանի այս քայլն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ներարցախյան գործընթացներով։
«Դրանք այն գործընթացներն են, որոնք այժմ ծավալվում են Արցախի նախագահի ընտրությունների շուրջ, և Սամվել Շահրամանյանն, իմ կարծիքով, հրամանագիրն այս պահին հանրայնացնելով՝ փորձում է չեզոքացնել այն վտանգները, ըստ որոնց՝ ինքն է լուծարել Արցախի Հանրապետությունը։ Սա այն պարագայում, երբ նա բազմիցս է նշել՝ Արցախի լուծարման հրամանի ստորագրումը եղել է պարտադրված հենց ՀՀ իշխանությունների կողմից, քանի որ ՀՀ իշխանությունները շատ լավ իմացել են այդ հրամանագրի բովանդակությունը։ Սամվել Շահրամանյանն ունեցել է մեկ նպատակ՝ փրկել ՀՀ իշխանությունների անգործության արդյունքում վտանգված 120 հազար արցախցու կյանք»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Facebook-ի իր էջում այսօր հրապարակել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունն ու դրա կառուցվածքային միավորները լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին։ Հրամանագրում, մասնավորապես, նշված է.
«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրն ընդունվել է՝ ելնելով բացառապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու անհրաժեշտությունից, կենսական շահերն ապահովելու հրատապ անհրաժեշտությունից, հիմքում ունենալով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց հիմնարար իրավունքների և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
1. Անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։