«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն ներքաղաքական զարգացումների շուրջ հերթական հարցումն է անցկացրել, որտեղ, ի թիվս բազմաթիվ հարցերի, ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել է՝ Արցախի հայաթափումից 1 տարի անց ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի արցախցիների վիճակը բարելավելու համար։
41 տոկոսը պատասխանել է, որ պետք է դիվանագիտական ճնշում և միջազգային հանարության հետ համագործակցություն իրականացվի, պետք է ապահովվի արցախցիների վերադարձն Արցախ։ 29 տոկոսը համոզմունք է հայտնել, որ պետք է ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու պաշտպանությունը, իսկ ահա 26,3 տոկոսը նշել է, որ Արցախից տեղահանվածների համար պետք է սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր իրականացվեն։
Ինչ վերաբերում է հարցադրմանը՝ ո՞րն է ՀՀ ներկայիս ամենակարևոր հիմնախնդիրը, հարցվածների 76,2 տոկոսը համոզմունք է հայտնել՝ անվտանգությունը և սահմանային հարցերը, 19,4 տոկոսը մատնանշել է քաղաքական կայունությունը, իսկ ահա 16,4 տոկոսի համար առաջնային են եղել տնտեսական զարգացման խնդիրները։
Հարցվածներին հարց է ուղղվել նաև Մեծամորի ատոմակայանը վերազինելու կամ այն փակելու և մեկից ավելի ամերիկյան փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ ունենալու վերաբերյալ։
Հարցվածների 63,7 տոկոսը կողմ է արտահայտվել առաջին տարբերակին՝ վերազինել առկա ատոմակայանը։ 25,5 տոկոսն առավել ճիշտ է համարել երկրորդ տարբերակը։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հարցերից հաջորդը վերաբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը գնահատելուն։ Այն լիովին դրական է գնահատել հարցվածների 14,1, ընդհանրապես բացասական՝ 58 տոկոսը։