Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի թեմայով նմանակումից հետո, որն արժանացել է մի շարք ականավոր քաղաքական գործիչների և կաթոլիկ եկեղեցու անդամների քննադատությանը, տեղեկացնում է yahoo.com-ը:
Ինչպես հաղորդվում է՝ բուռն քննադատության արժանացած բեմադրությունը, որը վերստեղծում էր Քրիստոսի և նրա առաքյալների վերջին ընթրիքի աստվածաշնչյան տեսարանը, ներառում էր դրվագ արտիստների և կիսամերկ երգչուհու մասնակցությամբ։
Կիրակի Փարիզ 2024-ի խոսնակ Անն Դեշամը հայտարարել է, որ «առհասարակ մտադրություն չի եղել որևէ կրոնական խմբի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»։
Նա նշել է, որ բացման արարողությանը փորձ է արվել տոնել հանդուրժողականությունը. «Մենք հավատում ենք, որ այս նպատակն իրականացվել է: Եթե մարդիկ սա որպես վիրավորանք են ընդունել, մենք իսկապես ցավում ենք»։
Իր հերթին բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ժոլին նշել է, որ շփոթված է շոուի վերաբերյալ բացասական արձագանքներից:
«Մեր թեման պառակտիչ լինելը չէր։ Մենք երբեք չենք ցանկացել պառակտիչ լինել։ Մենք ուզում էինք խոսել բազմազանության մասին: Բազմազանությունը նշանակում է միասին լինել: Մենք ցանկանում էինք ընդգրկել բոլորին։ Ֆրանսիայում մենք ունենք գեղարվեստական ազատություն։ Ֆրանսիայում մեզ բախտ է վիճակվել ապրել ազատ երկրում»,-ասել է նա:
Նշվում է, որ Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Մարիոն Մարեշալը ներողություն է խնդրել «աշխարհի բոլոր քրիստոնյաներից, որոնք իրենց վիրավորված են զգացել»։
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին այն անվանել է «վիրավորական» և «անճաշակ»:
Tesla-ի, X-ի և Space X-ի սեփականատեր Իլոն Մասկը նույնպես քննադատել է նմանակումը, որը նա նկարագրել է որպես «չափազանց վիրավորական քրիստոնյաների համար»: