Ռուսաստանը և Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ ելնելով ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանային խնդիրների լուծման կարևորությունից։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու մեծ ցանկությունը։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Հարավային Կովկասի երկրները պետք է այնպես անեն, որ «աշխարհի տարբեր մասերում նկատվող ապակայունացումը չտարածվի մեր ընդհանուր տարածաշրջանում»:
«Այս տարածաշրջանը բազմաչարչար է, այն անցել է բազմաթիվ հակամարտությունների, արյունալի, դաժան պատերազմների միջով, որոնք սպիներ են թողել տարբեր ազգերի մարդկանց սրտերում: Ուստի, ով ուզում է խաղաղությամբ գալ, օգնել, բոլորը ողջունելի կլինեն։ Իսկ ովքեր ոչ թե քար, այլ նույնիսկ դանակ են պահում ծոցում, թող հեռանան մեր տարածաշրջանից։ Մենք միասին այնքան ջանքեր ենք գործադրել՝ այս տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար»,- եզրափակել է Զախարովան։