Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմել է 932 մլն 430 հազար 924 դրամ, որից ծախսվել է 918 մլն դրամը։
Կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը ներկայացրեց նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունը.
«2019 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը կազմել է 91 մլն 744 հազար դրամ, ծախսը կազմել է 78 մլն դրամ։ 2020 թվականին կուսակցության եկամուտը կազմել է 217 մլն 915 հազար դրամ, ծախսվել է 135 մլն 886 հազար դրամը։ 2021-ին կուսակցության եկամուտը կազմել է 624 մլն 429 հազար 265 դրամ, իսկ ծախսը՝ 705 մլն 699 հազար դրամ։ Տեղեկացնեմ, որ 2020-ին եւ 2021-ին կուսակցությունը ձեռք է բերել գույք»։
Ըստ Սոնա Ղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը ձեւավորվել է կուսակցականների կողմից վճարվող անդամավճարների, նվիրատվությունների եւ պետական ֆինանսավորման շնորհիվ։
ՔՊ-ի ծախսային ուղղություններն են եղել գրասենյակի վարձակալությունը, դրանց պահպանման ծախսերը, աշխատավարձերը, հարկերը եւ 2021 թվականին կուսակցության կողմից հիմնադրված «Civic» լրատվականը։
Աղբյուր՝ Yerevan.Today