Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ինչպես նշել է փոխնախարարը, ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ղազախստանում՝ խաղաղության պայմանագրի մշակման նպատակով։
«Դա կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ։ Մոսկվան արդեն երկու անգամ ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար»,- ընդգծել է Գալուզինը։