Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին դրական մթնոլորտում է անցել, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Քննարվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛ Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող հարցեր։ Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։
Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք։ Թուրքական կողմի դիրքորոշմանը կարծում եմ՝, ծանոթ եք»,-ասաց նա։
Ըստ Կոստանյանի՝ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ հարցերը։
«Թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու ու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայի իր կապուղիները ավելի բարելավել, Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ և վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր երեք, եթե ոչ երեք ու կես սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,-նշեց Կոստանյանը։