Հունվարի 9-ը Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է (1924-1990)
ԵՎՍ ՄԻ ՓԱՐԱՋԱՆՅԱՆ…
Որ ավելի շատ հասկացություն է, քան անձնավորություն…
Մի խենթ, որ վարդերի ճամփան մի կողմ թողած, բոբիկ ոտքերով քայլում է, քայլում կրակների, փշերի վրայով…
Մի սուրբ,որ անդադար ճգնում է խաչվել ու խաչվել:
Մի արտիստ, որ խաղում է անընդհատ, խաղում է բոլորի համար և ամենից շատ ու նախ և առաջ հենց իր համար…
Մի մահկանացու, որ երբ էլ և ինչպես էլ մահանա, միևնույն է անմահ է…
Մի երջանիկ, որ միակն է, անդադար գնում է դեպի բարձունքը,անդադար ցած իջնելով…
Մի իմաստուն, որի նախ և առաջ ոչ թե ուղեղը,այլ հոգին է խելոք…
Մի զգայուն շնչավոր, որի ոչ թե հոգին, այլ ուղեղն է զգայուն…
Մի հրաշագործ, որ ոչնչից կարող է կերտել ամեն ինչ…
Հավերժական մի ճամփորդ, որի ճամփորդությունը ոչ մի պահ ճանապարհ չի ունեցել…
Մի զարմանալի բնավորություն, որ աշխարհին ընկեր լինելով, կարողացավ չունենալ ոչ մի ընկեր…
Մի մանուկ, որ հազար անգամ ծերացավ, բայց միշտ մնաց երեխա…
Մի ծերուկ, շատ ծերուկ շնչավոր, որը հազար անգամ մանկացավ, բայց միշտ մնաց ծեր…
Միակը, որի հետ ամենից շատ եմ ուզեցել շփվել, բայց ավա՜ղ, ամենից քիչ եմ հանդիպել…
Միակը, որ ինձ ամենից ճիշտ է ճանաչում, չնայած ոչ մի պահ նրան չեմ բացվել…
Արվեստագետ, որի արվեստը խորթ է ինձ, բայց հպարտորեն խոնարհվում եմ նրա առաջ…
Ռեժիսոր, որ ավելի պոետ է, նկարիչ, դերասան, հնէաբան, հռետոր, իրավաբան, փիլիսոփա և քիչ, ամենից քիչ՝ ռեժիսոր…
Մի ուսուցիչ, որ չունեցավ ոչ մի աշակերտ, բայց ընդօրինակողներին թիվ ու դադար չկա…
Մի իրապաշտ, որ մի ձեռքով հավաքեց, հավաքեց և երկու ձեռքով բաժանեց անընդհատ…
Զորեղ մի բնավորություն, որ ցավալիորեն փլվում է,փլվում ամեն պահ…
Մի մեծ շնչավոր, որը որքան էլ հուշարձանանա, մնալու է ամենից ավելի կենդանի…
Իմ բոլոր, բոլոր ծանոթներից ամենաերեսառած և ամենից շատ տանջված հավերժական մի արվեստագետ.
Մի անհանգիստ կատակասեր, որի լեզվին միաժամանակ տեղ են գտնում և՛ թույնը,և՛մեղրը…
Մի իսկական թիֆլիսեցի՝ նրա և՛ կինտոն, և՛ ղարաչոխելին…
Սերգեյ Փարաջանյան…
Հենրիկ Մալյան
( «ՖԻԼՄ»,1988 թ. 20-ը հունվարի )