Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո իրավական գործընթացների հիմք բացառապես հանդիսանում է հենց այն տեսանյութը, որը հրապարակել է News.am-ը։ Խոսքը մեկուկես րոպե տևողությամբ տեսանյութի մասին է, որտեղ կա լրագրողի հարցադրումը, News.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այդ իմաստով, իհարկե, որոշակի անհանգստությունս կոմունիկացնեմ. միգուցե լրագրողի նկատմամբ էլ քրեական հետապնդում հարուցվի այն իմաստով, որ ինքն էլ, միգուցե, օժանդակում է «իշխանության զավթման» կոչին։ Որովհետև աբսուրդը վերջ չունի, քանի որ նման՝ իբրև հիմք դիտարկելով՝ քրեական հետապնդում հարուցել՝ ես, անկեղծորեն, չեմ տեսել։ Վստահ եմ՝ նաև մեր հասարակության ստվար զանգվածն էլ, ով նվազագույն հետաքրքրություն ունենում է քրեական հետապնդումների վերաբերյալ, նման դեպքի մասին չի լսել։
Պատկերացրեք՝ խոսքը գնում է անձի՝ իր հայտնած կարծիքի մասին, և դա որակվում է իբրև կոչ։ Ի դեպ, կոչը թե՛ իրավական եզրույթ է, թե՛ դրա բացատրական նշանակությունը գոյություն ունի։ Կոչը չի կարող լինել անձի հայտնած կարծիքը, առավել ևս կարծիք, որը վերաբերում է մտահոգությանը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող ճնշումների վերաբերյալ։ Իսկ որևէ մեկը հերքո՞ւմ է, որ այդ ճնշումները կան։ Հակառակը. մենք գործադիր իշխանության տարբեր պաշտոնյաների ենք տեսնում, որոնք դա է՛լ ավելի են ամրապնդում, է՛լ ավելի մեծ խոստումներ են տալիս դրա ուժգնության վերաբերյալ։ Իսկ ինչի չի՞ կարող լինել այլ կարծիք»,- հարց է հնչեցրել փաստաբանը։
Նա միաժամանակ հետաքրքիր հանգամանք մատնանշեց. կոչերի վերաբերյալ միջազգային մոտեցումները չափազանց բարձր ստանդարտ են ենթադրում քրեական հետապնդում հարուցելու համար, որովհետև դա անխուսափելիորեն բախվում է խոսքի ազատության հետ։
«Իսկ խոսքի ազատությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության անկյունաքարն է։ Այսինքն՝ դա պարզապես իրավունք չէ, դա ամենակարևոր իրավունքն է։ Այս դեպքում ստացվում է՝ պարզապես հարցազրույց տալու համար ունեցանք դեպք, որ հարուցվեց քրեական հետապնդում։
Սամվել Կարապետյանի հարցազրույցում փորձում են գտնել իշխանությունը զավթելու կոչ, բայց որևէ ձևով փնտրելու դեպքում էլ այն հնարավոր չէ տեսնել։ Այն հնարավոր է տեսնել, միայն եթե իրականում գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Համարենք՝ «իմ ձևով» հարցին մոտենալն անհանգստություն է առաջացրելիշխանության համար։ Եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներում ընդգծել է, որ գործադիր իշխանությունը, ցանկանա, թե ոչ, պետք է մաքսիմալ հանդուրժող լինի նույնիսկ վիրավորական, նույնիսկ ցնցող արտահայտությունների և խոսքերի նկատմամբ։ Հիմա մենք սա տեսնո՞ւմ ենք։ Սա ժողովրդավարական արժեքների տեսանկյունից տիտանական աստիճանի խախտում է, որովհետև թիրախը խոսքն է, ոչ թե գործողությունը, այլ խոսքը։
Այս հանցանքը հենց դրան էլ վերաբերում է՝ կոչին, հայտնած խոսքին։ Այլ հարց է, որ այստեղ ուղղակի կոչ որևէ ձևով հնարավոր չէ գտնել»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Ըստ փաստաբանի՝ եթե խոսքը միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մասին է, ինչո՞ւ պետք է կալանքը որպես խափանման միջոց կիրառվի։
«Տեսեք՝ նոր Քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում կարող են միաժամանակ օգտագործվել և՛ գրավը, և՛ բացակայելու արգելքը, և՛ նույնիսկ տնային կալանքը։ Բայց դատարանը գտել է, որ դրանցից ոչ մեկը չեն կարող պատշաճ վարքագիծ ապահովել։ Որևէ բացատրություն չկա, թե ինչու են արգելված նաև տեսակցությունները։ Նման պայմաններում հարց է առաջանում, թե որտեղից է ծագում ռեպրեսիաների՝ նման բարձր աստիճանը, և ստիպված ենք վերադառնալ ֆեյսբուքյան մի շարք գրառումների, որոնք ուղիղ վերաբերել են այն իրադարձություններին, որոնք հաջորդեցին այդ գրառումներին»,- ասել է փաստաբանը։
Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ սա ծայրահեղ խնդրահարույց է ՀՀ միջազգային վարկանիշի տեսանկյունից, քանի որ Սամվել Կարապետյանն աշխարհում ճանաչված գործարար է։
«Ի՞նչ ազդակ ենք տալիս պոտենցիալ ներդրողներին. որ ՀՀ-ում հարցազրույցի համար կարելի է մարդու նկատմամբ քրեական հետապնդո՞ւմ հարուցել և մարդուն կալանավորել։ Ո՞ր ներդրողը կցանկանա նման միջավայրում գտնվել, ի՞նչ ենք դրանից շահում։
Միջազգային չափանիշների տեսանկյունից իսկապես քաղաքական հետապնդում է, և բնավ նշանակություն չունի՝ անձը քաղաքական գործիչ է, թե գործարար-բարերար, ով իր մտահոգությունն արտահայտում է նաև որպես Հայ Առաքելական եկեղեցու ամենամեծ բարերարներից և հետևորդներից մեկը»,- ասաց փաստաբանը։
Արամ Վարդևանյանը ուշագրավ համարեց այն, որ Սամվել Կարապետյանի գործը մակագրվել է հանրության կողմից լայն ճանաչում և ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանի, ով նաև ԲԴԽ անդամ է։
«Այսինքն՝ իրեն գործերի մակագրումը նվազագույնի է հասցված, ինքը գործ գրեթե չի քննում, բայց հենց նրան է մակագրվում Սամվել Կարապետյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։ Ես Վերաքննիչ քրեական դատարանի բոլոր դատավորների տեսակյունից՝ բացառությամբ մեկ անձի, վստահություն ունեմ, որ այսպիսի դատական ակտն անխուսափելիորեն բեկանվելու է։ Վստահություն չունեմ մենակ մեկ անձի վերաբերյալ, և այդ մեկ անձը Արմեն Դանիելյանն է։ Բայց հենց այդ մեկ անձին է իբրև պատահականության սկզբունքով մակագրվում մեր վերաքննիչ բողոքը։ Սա արդյոք արդար դատաքննության նկատմամբ ծաղր չէ։ Արմեն Դանիելյանից փաստաբանները երբեք արդարադատության ակնկալիք չեն ունենում։ Բայց նա շարունակում է պաշտոնավարել, ի դեպ՝ նաև հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալ, բայց համոզված եմ, որ չի դառնալու, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանում, ոնց տեսնում ենք, իր կարիքը շատ կա»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում