«ՄԻԵԴ-ի կողմից գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանի վերաբերյալ որոշումը շատ կարևոր է։ Շուրջ 10 տարի մենք այս գործով զբաղվել ենք և մեր պայքարն իր արդյունքը տվեց»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից հայ գերու հետ կապված որոշմանը:
Հուլիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ազատությունից ապօրինի զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, որը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Մարուքյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի այս որոշումը կարևոր է այն առումով, որ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանը ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին առևանգել է Արդբեջանին սահմանակից Հայաստանի տարածքից, և նա ռազմական գործի հետ որևէ կապ չունի:
«Ի սկզբանե փորձում էին հիմնավորել, որ Արթուր Բադալյանը դիվեսանտ է, սակայն մենք կարողացել ենք ապացուցել, որ նա մի սովորական գյուղացի է, որը գնացել էր սունկ հավաքելու։ Նրան առևանգել են և շուրջ 22 ամիս պահել տարբեր զինվորական խցերում ՝ անդադար խոտանգումների ենթարկելով:
Փաստացի ՄԻԵԴ-ը արձանագրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, որ նրան ապօրինի են զրկել ազատությունից և երրորդ հոդվածի խախտում, որ նա խոշտանգումների է ենթարկվել: Սա կարևոր է, որովհետև մենք ՄԻԵԴ-ի Արթուր Բադալյանի վերաբերյալ որոշումը օգտագործելու ենք այսօրվա ռազմագերիների անվտանգությունը ապահովվելու համար»,- ասել է Էդմոն Մարուքյանը: