Այո՛, երբ նայում ենք միջին աշխատավարձերին, աճեր կան, այսինքն՝ միջին քաղաքացին ՀՀ-ում բարելավել է իր կյանքը, իսկ եթե գնաճն էլ այդ անվանականից հանում ենք, այդ չափով բարելավում կա, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով, սակայն, դա դեռ չի նշանակում, որ բոլորի մոտ համաչափ է այդ աճը՝ պարզապես ընդհանուր միտումն է այդպիսին:
Ինչ վերաբերում է գնաճի տեմպերին, ՊԵԿ նախագահը նկատեց՝ դա ՊԵԿ-ի աշխատանքի տիրույթում չէ, այլ գնաճի հետ աշխատող կառույցի՝ ԿԲ-ի տիրույթում է:
ՊԵԿ նախագահն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության տարածքով ադրբեջանական բեռների՝ Նախիջևան հասնելու հարցին։
Նա հայտարարեց՝ Ադրբեջանից Հայաստանով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն լինելու է։
«Մեր խնդիրն է մաքսային վերահսկողությունը կազմակերպել ցանկացած սցենարի դեպքում։ Խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին։ Պետք է պատրաստ լինել։
Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, և ցանկացած սցենարի համար ունենք համապատասխան գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել, մաքսային վերահսկողությունն իրականացնել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ապաշրջափակման դեպքում Ադրբեջանից երկաթուղով ՀՀ տարածքով բեռների տեղափոխմանը, Հակոբյանը հավաստիացրեց, որ իրենք իրենց իրավասության շրջանակներում մաքսիմալ վերահսկողություն են սահմանելու, ինչ անում են հիմա ցանկացած սահմանի դեպքում։