Այս պահին պետությունը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտության ոլորտում զբաղված քաղաքացիները իրենց աշխատանքով ստանան արժանավայել վարձատրություն, և բազմաթիվ գիտաշխատողներ արդեն այդ շարքում են։ Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնի համար միակ թեկնածուն՝ Տարոն Դանիելյանը, հայտնի հանդիսավար է, թամադա:
«Ընդամենը կառավարության մեկ-երկու նիստ առաջ մենք քննարկում էինք գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման և ատեստավորման հարցերը: 2025-ի հունվարի 1-ից աշխատողների բազային վարձատրությունը ավելացել է 100-ից 300 տոկոսով: Այն թվերը, որոնք գործում էին 2021-ին, նշանակում էին, որ գիտության ոլորտ որևէ մեկը մուտք չի գործի, այսօր մենք արդեն ունենք բավականին մրցունակ բազային ֆինանսավորում: Պլյուս մենք տալիս ենք բազմաթիվ դրամաշնորհների մասնակցելու, դրանցից օգտվելու հնարավորություն:
Մենք ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը, կներեք, շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը, հենց իրենց աշխատանքի շնորհիվ: Նրանք բազային ֆինանսավորում են ստանում, մի քանի դրամաշնորհ ունեն, դասախոսական աշխատավարձ են ստանում: Իհարկե, առավելապես այս պահին բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են, բայց մենք պետք է նաև մղենք մեր հումանիտար և հասարակագիտական ոլորտի գիտությամբ զբաղված քաղաքացիներին էլ ավելի ակտիվ լինել միջազգայնացման և նաև իրենց հրապարակումները ունենալու ուղղությամբ, որպեսզի նրանք էլ կարողանան ատեստավորվեն և ունենան այս վարձատրությունը»,- նշեց նախարարը: