Մենք բաց ենք համագործակցության և համախմբման համար բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են «Ուժեղ Հայաստանի» գաղափարները, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարությանը։
«Կոնկրետ ՀԱԿ-ի մասին խոսելով՝ նշեմ, որ Նարեկ Կարապետյանն առիթ ունեցել է ասելու, որ մենք միավորվում ենք նոր ուժերի հետ՝ այն ուժերի, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար։
Մյուս ուժերի հետ համագործակցության ձևաչափերը կարող են տարբեր լինել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իրենցից անկախ պատճառներով՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել։
Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:









