«…ՄԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆՔ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ»
Աշխատասիրությանս պատրաստման այս ընթացքում բազմաթիվ արխիվային վավերագրեր ուսումնասիրելու շնորհն ունեցա. վերջին 100 տարվա ազգային-եկեղեցական պատմության դեմ հանդիման շատ նոր դասեր քաղեցի, շատ նոր խոհեր ունեցա, շատ լսած խոսքեր, արդարև, իրենց ողջ խորությամբ ընդունեցի, ընկալեցի, դավանեցի և, այլևս, այդպես էացրի:
Այդ վավերագրերից մեկի մեջ էր գրված վերոհիշյալ արտահայտությունը, որն իմ մտքի մեջ ծագեց որպես Արեգակ՝ անճառելի լույսով լցնելով ողջ էությունս. հուզումնալի մի սարսուռով ցնցվեցի, երբ մի պարզ, ակներև ճշմարտություն նորովի բացահայտեցի ինձ համար…
Չեմ գնում պատմական հեռուները, միայն վկայակոչում եմ մեր՝ Ի. (20-րդ) և ԻԱ. (21-րդ) դարերը, հիշելով մեր բոլոր Հովվապետերին՝ Տ. Տ. Գևորգ Ե. Հայրապետից մինչև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետը, Նրանց, Ովքեր, հիրավի, ապրել ու գործել են այս միևնույն համոզմունքով ու սկզբունքով՝ «Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ»:
Նույն համոզմունքն ու սկզբունքն է գործել անխտիր բոլո՛ր իրավիճակներում… Մեծություն են մեր Հայրապետները. ողջախոհ և ազգային ինքնագիտակցություն ունեցող ամեն ոք միայն հիանալ և ակնածանքով խոնարհվել կարող է Նրանց առջև:
Ճեմարանի առաջին իսկ օրվանից այսպես է կերտվում ամեն մի հոգևորական, այս վավեր կնիքով է Հայոց Հայրապետի Օծյալ Սբ Աջով դրոշմվում ամեն մի հոգևոր սպասավոր: Եվ հետագայում յուրաքանչյուրն իր կյանքով ու սուրբ գործով՝ ինքն է պահում սրբորեն կամ եղծում նենգորեն «Էջմիածնական վեհությունը»…
Իսկ «Էջմիածնական վեհությունը»՝ մեծ և սքանչելի սուրբ խորհուրդ է, որն այսօր ապրվում և ճշմարտապես ցոլացվում է Ազգիս արժանընտիր գահակալ Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կյանքով, իմաստուն խոսքով, վեհաշուք կեցվածքով և պահվածքով:
Հայրապետից Հայրապետ փոխանցվում է այդ աստվածային սուրբ մերանը. այն միայն աստվածընտիր և աստվածարյալ ՀԱՅՐԱՊԵՏԻՆՆ Է, և Նրանից է բաշխվում ամեն մի եկեղեցականի:
Սիրելիներ, ճշմարտապե՛ս ճանաչեք Ձեր հոգևոր սպասավորներին, որպեսզի մոլորվելով չկորչեք հավիտենապես. «Էջմիածնական վեհությամբ» օծված և օժտված հայ հոգևորականը երբե՛ք, ո՛չ մի դեպքում չի՛ դավի, չի՛ նենգի, չի՛ եղծի, չի՛ վաճառվի, նա իր հարազատ Հոգևոր Տունն ու Հոգևոր Ծնողին չի՛ ուրանա ու չի՛ անարգի: «Էջմիածնական վեհությունը», նախ և առաջ, գիտակցված և սուրբ հավատարմություն է և հնազանդություն, անձնդիր նվիրում է և անսակարկ ծառայություն: Ա՛յս է հոգևորականի ճշմարտությունը, կոչումն ու ճանապարհը:
Ձեզ և մեզ ամենքիս ի սրտե մաղթում եմ «Էջմիածնական վեհություն»:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Միաբան Սուրբ Էջմիածնի




