Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մարտակերտի զորամասերից մեկի տարածքից փրկարարներին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ Արցախի հարավային թևում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: