Մեծ թվով քաղբանտարկյալներ այսօր գտնվում են ճաղերի հետևում, և քաղաքական ուժերը պետք է կարողանան լուրջ լծակներ կիրառել թե՛ իշխանությունների, և թե՛ միջազգային կառույցների նկատմամբ, որպեսզի թմբրից արթնացնեն նույն այդ միջազգային կառույցներին, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ավելի քան 2.5 տարի բանտում անցկացրած Վանաձորի նախկին համայնքապետՄամիկոն Ասլանյանը։
««Քաղբանտարկյալ» եզրույթն արևմտյան քաղաքակրթության մեջ մտած եզրույթ է՝ գոնե վերջին 50-60 տարում։ Կարծում եմ՝ միջազգային կառույցների ուշադրությունը պետք է սևեռվի դեպի հայաստանյան իրականություն, ոչ թե քաղբանտարկյալներին թողնենք անօգնական վիճակում ճաղերի հետևում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։
Նա հիշեց, որ իրավապաշտպան մի շարք ներհայաստանյան և միջազգային կազմակերպություններ իր մասին 2022-2023 թվականներին առանձին զեկույցներ են պատրաստել։
Մամիկոն Ասլանյանը ազատություն մաղթեց կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին և իրավապահ համակարգին հորդորեց մեղմել վերջինիս պատիժը։
«Կարծում եմ՝ մարդկային և տղամարդկային կլինի այդ կնոջ նկատմամբ մեղմացնել առավալագույն խափանման միջոցը»,- ասաց նա։





