Երևանի Հովհ.Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ողջունում է Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի ստեղծումը, որովհետև, ըստ նրա, միայն պետական թատրոններով հնարավոր չէ ապահովվել թատերական կյանքի զարգացումը. ամեն բան կապել բացառապես պետական աջակցության հետ՝ Բաբայանի խոսքով, այդքան էլ ճիշտ չէ։
«Բայց ես կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է ոչ միայն պետական աջակցությունը, այլ նաև մեկենասությունը, որովհետև ամբողջ աշխարհում այն շատ մեծ դեր է խաղում արվեստի զարգացման գործում։ Ես այս հարցը մոտ 30 տարի է՝ բարձրացնում եմ։ Պետք է մեկենասության մասին օրենք լինի, որպեսզի գործարարները շահագրգռված լինեն աջակցել արվեստին։
Ընդ որում՝ խոսքը չի վերաբերում միայն թատրոններին. խոսքը վերաբերում է և՛ երաժիշտներին, և՛ գրողներին, և՛նկարիչներին, և խնդիրն այստեղ միայն ֆինանսականը չէ։ Խնդիրը նաև այն է, որ բիզնեսը միավորվի մշակույթի հետ, շահագրգռվածություն լինի, որպեսզի մեր բիզնեսն էլ դառնա ավելի քաղաքակիրթ, իսկ մշակույթն՝ ավելի ժամանակակից, ժամանակի պահանջներին սթափ արձագանքող մարմին»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Ըստ Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ արդեն այսօր Հայաստանում կա մի քանի մասնավոր թատրոն, որոնք բավական հետաքրքիր ներկայացումներ են բեմադրում։ Բաբայանի կարծիքով՝ թատերական աշխարհում ամենահետաքրքիր նորությունները կարող են բերել հենց նման թատրոնները։
«Այդպիսի թատրոններից է, օրինակ, «Տանիք» թատրոնը, որտեղ շատ հետաքրքիր ներկայացումներ են բեմադրում։ Հիմնականում երիտասարդներ են ներգրավված, տարածքը շատ հետաքրքիր են օգտագործում։ Կա «Բաբելոն» թատրոնը, «Կայարան» թատրոնը։ Նոր թատրոններ են ստեղծվում՝ «14-րդ հարկ»-ը. այնտեղ առաջին ներկայացումն են բեմադրել։ Էլ չեմ ասում Նարեկ Դուրյանի՝ արդեն մի քանի տարի աշխատող թատրոնի մասին»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուբեն Բաբայանը հիշեցրեց՝ ինքը երկար տարիներ ղեկավարում է Տիկնիկային թատրոնը և միշտ աջակցել է, որ Հայաստանում ստեղծվեն տարբեր տիկնիկային խմբեր։
«Արևի տակ բոլորի համար տեղ կա. պետք է պարզապես լինել տաղանդավոր, երբեք պետք չէ աշխատել արմունկներով, պետք է հաստատել քո առավելությունները՝ քո արվեստով։ Առավել ևս, որ մեր հանրությունը շատ տարբեր է, և մարդիկ պետք է ընտրեն իրենց հոգու համար հարազատ թատրոնը, պատկերասրահը։ Սա շատ նորմալ է, այնպես որ ինչքան զանազան լինեն մեր թատրոնները, ինչքան մեկենասներն աջակցեն միջազգային փառատոններին այդ թատրոնների մասնակցությանը, այնքան ավելի լավ»,- ասաց Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ վերջին 25 տարվա ընթացքում Տիկնիկային թատրոնը մասնակցել է մոտ 120 միջազգային փառատոնների։
Հիշեցնենք, որ Կառավարությունը նախատեսում է հաստատել «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը», որը նպատակ ունի խթանելու մասնավոր թատրոնների գործունեությունը՝ ստեղծելով հավասար մրցակցային պայմաններ և նպաստելով ստեղծագործական միջավայրի զարգացմանը։
Ծրագրի նպատակն է աջակցել մասնավոր թատրոններին՝ ապահովելով նրանց բովանդակային և կազմակերպչական աճ։
Աջակցությունը կտրվի մինչև 3 տարի ժամկետով։ Շահառուները պարտավորվում են ապահովել ներկայացումների որակը, հանդիսատեսի թվաքանակը, ինչպես նաև ներգրավվել միջազգային փառատոներում։