Կառավարությունը 2020 թ. օգոստոսի 13-ին որոշում է ընդունել՝ մանկատան շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց նվիրաբերել 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարանները։
Բնակարանների նվիրաբերման պայմանագրերը պետք է կնքվեին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում։ Գործադիրը 2021-ին փոփոխություն է կատարել նշված որոշման մեջ՝ պայմանագրերի կնքման ժամկետ սահմանելով այս տարվա սեպտեմբերի 1-ը։
Մանկատան շրջանավարտները մտավախություն ունեն, որ նվիրաբերությունը կձգձգվի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք մանկատան բոլոր սաների՞ն են նվիրատվությամբ բնակարան հատկացնում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարության 13.08.2020թ․ N 1325-Ն որոշման համաձայն՝ շահառու է հանդիսանում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձ։
Հարցին, թե ե՞րբ կլուծվի նվիրատվության հարցը կոնկրետ նրանց համար, ովքեր 10 տարուց ավելի է՝ բնակվում են այդ հասցեներում, նա պատասխանեց, որ հարցն այս պահին քննարկման փուլում է, դիտարկվում են լուծման տարբերակներ։
Դիտարկմանը՝ Հայաստանից բացակայելու, բնակտարածքը չօգտագործելու, անշարժ գույքի առկայության, անգամ մահվան դեպքերում շահառուների հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը լուծելու փոխարեն՝ նրանց ներառել են Կառավարության որոշման նախագծի ցուցակում: Արդեն հանվե՞լ են ցուցակներից, և որքա՞ն ժամանակ երկրից բացակայելու դեպքում նրանց բնակարան չի հասնում, նախարարի խոսնակը պատասխանեց.
«Ցուցակներից որևէ անձի տվյալ չի հեռացվել․ այս պահի դրությամբ՝ շրջանառության մեջ է դրվել սահմանված նվիրաբերության գործընթացը ևս 12 ամսով երկարաձգելու մասին որոշման նախագիծ»