Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը. ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։

Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը:

Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։

«Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ.10․8)