ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր, նրա խոսքերով, ապօրինի ձերբակալվել են Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հաջորդած չարտոնված բողոքի ցույցերի ժամանակ: Այդ մասին ասվում է այսօր հրապարակված նրա հայտարարության մեջ:
«Պետք է ապահովվեն արդարություն և վնասի փոխհատուցում նրանց համար, ովքեր կամայականորեն ձերբակալվել կամ վատ վերաբերմունքի են արժանացել իրենց անհամաձայնության խաղաղ արտահայտման համար», ասել է Բաչելետը:
Ըստ հանձնակատարի ունեցած տեղեկությունների՝ վերջին երեք օրվա ընթացքում Բելառուսում ձերբակալվել է մոտավորապես 6000 մարդ, այդ թվում՝ պատահական անցորդներ և անչափահասներ: