«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ Հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կարեն Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակով ձերբակալվել է»,– ասաց նա։
Նշենք, որ PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։
«Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն Գերմանիայից։ Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե` չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Շուրջ 2 ժամ պարզապես գտնվելով քննչական կոմիտեի շենքում, ներկայացնելով մի քանի դիմումներ առ այն, որ ինքնակամ ներկայացել է և ցանկանում է տեղեկանալ ինչի համար էր առաջացել նման անհրաժեշտություն, սակայն դրա վերաբերյալ չի ստացել որևէ արձագանք: Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն որոշել է ձերբակալել գործարարին:
Միաժամանակ ՔԿ-ից հաստատեցին նշված տեղեկությունը հայտնելով. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Կ․ Հակոբյանը, մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում»։
Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրն է։
«Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ–ն գործում է 1968 թ.–ից, գործունեության հիմնական ուղղությունն է ֆերոմոլիբդենի արտադրությունը։ 2014–2023 թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 18 մլրդ 197 մլն 265 հազար դրամ։