Հուսով եմ, որ առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որն առողջ հասարակությունը կձևավորի և հետագայում մանկական տրավմաները չեն անդրադառնա տվյալ անձի ինքնորոշման վրա: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին, որն ավելի վաղ հեգնել էլ Հռիփսիմե Ստամբուլյանին՝ ազգանվան հետ կապված:
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ ամաչում է, որ Հայաստանում նման խորհրդարան գոյություն ունի.
«Այդ կնոջ անուն-ազգանունը չեմ էլ հիշում, բայց իսկապես ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի և իրեն նման բաներ թույլ չտա: Ինչ վերաբերվում է իմ ազգանվանը, որի հետ կապված տվայտվում եք քանի օր է, ես ձեզ մի քիչ գիտելիք եմ մաղթում, կարդացեք՝ որտեղից է եկել «ստամբուլ» բառը, ես ցավում եմ, որ այսքան տգիտություն կա, ցավում եմ, որ խորհրդարանում հավաքված են մարդիկ, որոնք, հերիք չի, գործընկերը սխալ բան է անում, մի հատ էլ ծափահարում են։ Ամաչում եմ, որ իմ հայրենիքում նման խորհրդարան գոյություն ունի»,-ասաց Ստամբուլյանը:
Աղբյուր` Փաստինֆո