ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ երկրում անվտանգության նկատառումներից ելնելով արգելվում է TikTok սոցիալական ցանցի գործունեությունը։ Մինչ այս չինական ByteDance ընկերությունը ի վերջո վաճառեց հարթակը` արգելքից խուսափելու համար:
Ծառայությունը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ում՝ մինչև արգելքի ուժի մեջ մտնելը: Հավելվածը բացելիս օգտատերերը տեսնում են հաղորդագրություն, որում ասվում է, որ TikTok-ն անհասանելի է:
Նախօրեին Դոնալդ Թրամփը NBC News-ին և ABC-ին ասել էր, որ մտադիր է TikTok-ի հետ կապված որոշումը 90 օրով հետաձգել։ ԱՄՆ նորընտիր նախագահը խոստացել է համապատասխան հայտարարություն անել երդմնակալությունից հետո։
2024 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսը օրենք ընդունեց, որը ByteDance-ին պարտավորեցնում էր հարթակը վաճառել ամերիկյան ընկերությանը։ Հակառակ դեպքում սոցցանցը պետք է արգելվեր 2025 թվականի հունվարի 19-ից։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ TikTok-ը, որը պատկանում է չինական ընկերությանը, թույլ է տալիս Պեկինին տվյալներ հավաքել ամերիկացիների մասին և ազդել հասարակական կարծիքի վրա։
Հունվարի 10-ին ԱՄՆ Գերագույն դատարանում տեղի ունեցած լսումների ժամանակ TikTok-ը ներկայացնող իրավաբանները և բովանդակություն ստեղծողները ասացին, որ արգելքը խոսքի ազատության խախտում կլինի հարթակի ավելի քան 170 միլիոն ԱՄՆ օգտատերերի համար:
TikTok-ը բազմիցս հերքել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն օգտագործում է ընկերությունը՝ քարոզչությունը խթանելու և չինական շահերը առաջ տանելու համար։
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց դատարանին հետաձգել որոշումը, քանի դեռ նա չի վերադարձել Սպիտակ տուն, որպեսզի փորձի խնդրի «քաղաքական լուծումը» գտնել:
TikTok-ն ասում է, որ ունի 170 միլիոն ԱՄՆ օգտատեր, ովքեր 2024 թվականին հավելվածի վրա օրական միջինը 51 րոպե են ծախսել։
Աշխարհի շատ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, TikTok-ն արդեն արգելված է այն սարքերի վրա, որոնք օգտագործվում են պետական աշխատողների կողմից: Որոշ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում, այն ավելի ամբողջական արգելքի տակ է։