Նախընտրական սկանդալ է Հունգարիայում: Հրապարակվել է այդ երկրի արտգործնախարար Սիյարտոյի ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցի ձայնագրություն: Դա տեղի է ունենում Հունգարիայում խորհրդարանի ընտրության շեմին: Ընտրությունը կայանալու է ապրիլին: Անկասկած է, որ հեռախոսազրույցի ձայնագրության նպատակն է հարվածել ներկայիս հունգարական իշխանությանը՝ Օրբանի գլխավորությամբ, որը դիմակայության մեջ է Եվրամիության ղեկավարության հետ:
Իհարկե Օրբանը նաեւ կոշտ դիմակայության մեջ է Ուկրաինայի իշխանության հետ: Օրեր առաջ հրապարակվեց տեղեկություն, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ձեռք են բերել Հունգարայի ԱԳ նախարարի հեռախոսահամարն ու գաղտնալսել են հեռախոսը:
Միայն ուկրաինակա՞ն հատուկ ծառայություններն են այս ամենի հետեւում, թե՞ ուկրաինական հատուկ ծառայությունները այս դեպքում քողարկումն են, այսպես ասած՝ կամուֆլյաժը, որի ներքո իրականում առավել ազդեցիկ հատուկ կառույցներ են եվրոպական երկրներից, գուցե նաեւ Բրիտանիայից: Ընդհանրապես, Կիեւի հատուկ ծառայությունների աշխատանքում բրիտանական ՄԻ6-ի պրոտեժեությունը թերեւս անկասկած է:
Բոլոր դեպքերում, կասկածից վեր է եւ այն, որ այստեղ լոկ ուկրաինա-հունագարական հարց չէ: Եվրամիությունը փորձում է թույլ չտալ Հունգարիայում Օրբանի իշխանության պահպանում, քանի որ Բուդապեշտը վարում է Բրյուսելի քաղաքականությանը հակադիր քաղաքականություն:
Այս պատմությունն իհարկե ինքնին հետաքրքիր է, այդ թվում եւ ամերիկա-եվրոպական դիմակայության համատեքստում: Թրամպին կհաջողվի՞ օգնել իր գաղափարակից գործընկերոջ դիրքերի պահպանմանը, թե՞ Իրանի պատերազմում խրված Թրամպը կկորցնի եվրոպական պահպանողականների մի կարեւոր դիրք:
Պատմությունը իհարկե անկասկած ուշադրության է արժանի նաեւ Հայաստանի խորհրդարանի ընտրության համատեքստում: Հատկապես, եթե նկատի առնենք Եվրամիության ներգրավվածությունը այսպես կոչված արագ արձագանքման խմբի տեղակայման միջոցով, որ պլանավորվում է առաջիկայում: ԵՄ հատուկ ծառայությունները Հայաստանի՞ հարցում ինչ գաղտնալսումների են տիրապետում, եւ արդյո՞ք ունեն հունիսից առաջ հրապարակելու որեւէ բան։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան




