Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 57-ի։ BBC-ն հաղորդում է, որ 10 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Հունական զլմ-ները հայտնում են, որ երակթուղային վթարը լուրջ դժգոհությունների առիթ է դարձել ամբողջ երկրում: Երկաթգծային աշխատողները մարտի 2-ին մեկօրյա գործադուլ են արել՝ կառավարությանը մեղադրելով երկաթուղիներն անտեսելու մեջ: Աթենքում և Սալոնիկում երկու օր շարունակ ավելի քան 2000 ցուցարար ակցիա է անցկացրել՝ բողոքելով կառավարության և երկաթուղին սպասարկող ընկերության դեմ, որոնք, նրանց պնդմամբ, «ոչինչ չեն արել՝ բարելավելու Հունաստանի երկաթուղիների վիճակը»:
Աթենքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել:
Ինչպես հայտնի է, ուղևորատար գնացքը, որում գտնվում էր 350 մարդ, փետրվարի 28-ին կեսգիշերից առաջ բախվել էր բեռնատար գնացքին՝ հայտնվելով նույն ռելսուղու վրա: Հարվածի հետևանքով մի քանի վագոններ դուրս էին թռել ռելսուղուց և բռնկվել:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է վթարի վայրից ոչ հեռու գտնվող Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով մարդասպանության հոդվածով:
Վթարից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «պատասխանատվություն կստանձնի 21-րդ դարին չհամապատասխանող երկաթգծային համակարգը նորոգելու գործում իշխանությունների երկարատև ձախողումների համար»: