ՀՅԴ-ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են, այսօր ՔԿ Երևանի վարչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ նման գրառում արել էր ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Դա ուղղակի հայտարարություն չի, դա արվել է այս գործողություններին զուգահեռ՝ ցույց տալով, թե ինչի են արվում այս գործողությունները։ Սա նրա համար չի, որ Անդրանիկ Չամիչյանին ձերբակալեն, դաշնակցականներից մի քանիսին ապօրինի զրկեն ազատությունից. սա դաշնակցության դեմ արշավ է, ինչպես եկեղեցու դեմ է արշավ իրականացվում։ Եվ այստեղ է հարցը գալիս՝ իսկ ի՞նչ են անելու առաջիկայում, որ այսպիսի արշավների կարիք ունեն։
Այո՛, իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են դաշնակցությունը փակելու մասի՝ն զուգահեռ այն գործողություններին, որ իրականանում են ու դրանով իսկ իրենք ցույց են տալիս, որ այս գործողությունները իրավական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատճառ և քաղաքական նպատակադրումներ։
Իրենք կարող են շատ դաշնակցականների բանտարկել, կարող են անգամ անել այն, ինչ արել է Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց մեր իրավունքների համար պայքարը չեն կարող կասեցնել: Դաշնակցությունը մի փոքր խմբակ չի, դաշնակցությունը գաղափարի շուրջ համախմբված մարդիկ են։ Կձերբակալեն ինձ, կկալանավորեն ինձ, գալու է հաջորդը, գալու են ավելի վճռական տրամադրվածները ու այս պայքարը շարունակվելու է, ոնց որ 135 տարի շարունակվում է։
Այս գործողություններով իրենք միայն մոբիլիզացիա են ապահովելու կառույցների շուրջ»,–ասաց Վարդանյանը։
Ըստ պատգամավորի՝ սա հիշեցնում է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը և Ցեղասպանությանը նախորդած արշավը հայկական էլիտայի ու ազգային ուժերի նկատմամբ։
«Բայց ես լիահույս եմ, որ այս գործողություններով, իրենք միայն բորբոքում են հանրային զայրույթը, միայն բորբոքում են և ավելի են ուժգնացնում պայքարի օջախները, ու մեր կենտրոնացումը հետևյալն է, մեզ չի հետաքրքրում քանի դաշնակցական են իրենք կալանավորելու, մեզ հետաքրքրում է այս պայքարը կազմակերպելը, մեր հանրության հետ ճիշտ աշխատելը, որպեսզի փոխենք այս իրավիճակը։
Կփոխենք իրավիճակը, ապօրինի կալանավորվածները կազատ կարձակվեն, օրինականություն կհաստատվի, չենք փոխի իրավիճակը՝ գնալով ավելի շատ մարդիկ են հայտնվելու բանտերում»,- ամփոփեց Քրիստնե Վարդանյանը։