Թեև գերիների և անհետ կորածների մասով որոշակի աշխատանք տարվում է, սակայն ասել, որ դա բավարար է, սխալ կլինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ԿԽՄԿ վիճակագրությանը, որի համաձայն 2020-2023 թվականների հակամարտության հետևանքով 429 անձ դեռևս անհետ կnրած է համարվում, 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։
«Ամենացավալին, իհարկե, առանձին պաշտոնյաների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարություններն են, գերիների և անհետ կորածների խնդիրն անընդհատ շահարկելը, այդ մարդկանց նկատմամբ թշնամանք հրահրելը։ Որովհետև 2020 թվականին և դրանից հետո, երբ գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվում էին հրապարակում, կային պաշտոնյաներ, որոնք ասում էին՝ «Դուք եք մեղավոր, որ փակել եք Լաչինի միջանցքը»։
Ահա այսպիսի՝ ոչ կոռեկտ, ոչ ողջամիտ հայտարարություններն ու պահվածքը, միգուցե նաև անգործությունն, իհարկե, շատ մտահոգիչ են։ Ի վերջո, խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է. կապույտ անձնագիր ունեցող ցանկացած մեկի, ազգությամբ հայի համար հայկական պետությունը պետք է բացառիկ հետևողականություն դրսևորի»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե անգամ պետք է, պետությունը պետք է հատուկ ծառայություններ կամ ջոկատներ ունենա, որոնք հետևողական աշխատանք կիրականացնեն գերիներին և անհետ կորածներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։
«Ճիշտ այնպես, ինչպես անում է Իսրայելը։ Այդ խնդրի լուծման լավագույն տարբերակը գտել է հենց Իսրայելը, որովհետև ցանկացած երկիր հասկանում է, որ չի կարող անպատիժ մնալ, որովհետև պատասխան արձագանքը լինելու է։
Կրկնում եմ՝ կապույտ անձնագիր ունեցող մարդը պետք է իմանա, որ ինքը պաշտպանված է, սակայն պետք է ցավով նշեմ, որ ՀՀ քաղաքացիներն անգամ մեր երկրի ներսում պաշտպանված չեն՝ էլ ուր մնաց, թե պատերազմի հետևանքով անհետ կորածները կամ ադրբեջանական բանտերում հայտնված հայերը»,- նշեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ ըստ ԿԽՄԿ տարածած հաղորդագրության՝ 2024 թվականի ընթացքում մոտ 1290 զանգ և այց է գրանցվել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։
62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ գրասենյակ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։
429 անձ դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։