Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում կատարած գրառմամբ:
«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ օկուպացված է»,-գրել է Մարուքյանը:
Նա ընդգծել է՝ չնայած միջազգային հանրության պահանջներին՝ Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից: Հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է՝ երկու օր առաջ գնահատելով խաղաղության գործընթացի արդյունքները՝ ինքը խոսել է վստահության ամրապնդման քայլերի մասին։
«Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան ՀՀ ինքնիշխան տարածքից, և ադրբեջանական բանտերից պետք է ազատ արձակվեն բոլոր ռազմագերիները ու այլ պահվող անձինք»,-գրել է Մարուքյանը: