ՀՀ զինված ուժերը ադրբեջանցիներին վերջնաժամկետ չի տվել ՀՀ տարածքը լքելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանական գերատեսչությունից մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ ողջամիտ ժամկետներում խնդրի լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։ «Փաստինֆո»-ն ՊՆ-ից հետաքրքրվել է, թե արդյոք կա սահմանված ողջամիտ ժամկետ՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածքը լքելու համար, որը չկատարվելու դեպքում հայկական կողմը կպարտադրի թշնամուն հեռանալ մեր տարածքից՝ նախարարությունից հայտնեցին, որ քաղաքական ղեկավարությունը խնդրի խաղաղ կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններ են վարում՝ հույս ունենալով, որ ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։
Քաղաքական իշխանությունը հայտարարում է, թե գոհ են միջազգային գործընկերների արձագանքից, սակայն Ադրբեջանցի զինված ուժերի սադրանքների դրանից չեն նվազում։ Ավելին, եթե Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին ՀՀ տարածք ներխուժելու առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 250 ադրբեջանցի զինվորական գտնվում է ՀՀ տարածքում, ապա մայիսի 20-ին նրանց թիվն արդեն կրկնապատկվել էր եւ պաշտոնապես հրապարակվեց 500 զինվորականի մասին։ Ավելին՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նաեւ հայտարարել էր, թե եւս 30 ադրբեջանցի Սեւ լճի մոտակայքից հատել է սահմանը։ «Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան ՊՆ-ից նշեցին, որ մարզպետի հայտնած տվյալները ՊՆ-ն պետք է ճշտի, սակայն վստահեցրեցին. «Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվորականների տեղաշարժը հսկվում է, վերջիններս արգելափակված են»։





