Գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ, որոնց օգնությամբ ՀՀ գործող իշխանությունները կարող են պաշտպանել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները և ի վերջո նրանց վերադարձնել հայրենիք, սակայն այսօր այդ մարդկանց վերադարձի հարցը ՀՀ իշխանությունների համար օրակարգային չէ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այն հայտարարությանը, որ տեսել են Ռուբեն Վարդանյանի՝ ակնհայտ խոշտանգման հետքեր կրող լուսանկարները և փորձում են հասկանալ՝ իրենց մանդատի շրջանակներում ինչ կարող են անել։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ՀՀ իշխանությունները հայ գերիների հարցով այսքան ժամանակ առնվազն կարող էին դիմել ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, կարող էին հեղինակային ոչ կառավարական կազմակերպությունների հետ ամենօրյա հետևողական աշխատանք տանել՝ գերիների վերադարձի հարցը դարձնելով օրակարգային թեմա։
«Այսինքն՝ հարցը պետք էր օրակարգային դարձնել, բայց այն օրակարգային չէ։ ՀՀ իշխանությունները մենակ են թողել Բաքվում գտնվող հայ գերիներին։ Բայց հաշվի առնելով այս իշխանությունների հանդեպ իմ վերաբերմունքը՝ ես չեմ զարմանում, որովհետև նրանց համարել և համարում եմ այս ամենի մեղսակիցներ՝ սկսած Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց մինչև 2023 թվականի սեպտեմբերին նրանց լռելյայն մեղսակցությունը՝ լռության պահպանումը, որևէ բան չանելը, որևէ գործողության չդիմելը։
Այս ամենը վկայում է մեկ բանի մասին, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված չեն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձով։ Եթե նույնիսկ հանրային ճնշման ներքո նրանք ինչ-որ ֆորմալ քայլեր անեն, դա ևս առաջընթաց համարել չի կարելի։ Դա ավելի շուտ «գալչկա» դնել կլինի, որովհետև ՀՀ իշխանության ներկայացուցիչներն իրենց սրտերում ամենևին անհաշտ չեն պաշտոնական Բաքվի գործողությունների հետ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով, որ այս իշխանություններից որևէ ակնկալիք չունի։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել է՝ իր պաշտպանյալի վիճակն ադրբեջանական բանտում կտրուկ վատացել է։
Մեկ շաբաթվա հացադուլից հետո Ռուբեն Վարդանյանը առողջական վտանգավոր վիճակում է. նա կորցրել է 6 կգ քաշ, զարկերակային ճնշումը հասել է վտանգավոր 140/110 մակարդակի, իսկ պուլսը զգալիորեն գերազանցում է նորման: Չնայած դրան՝ նրան բռնի ուժով տեղափոխել են դատարան։
Այս ամենի ֆոնին ՀՀ ՄԻՊ-ն այսօր հայտարարել է, որ տեսել են Ռուբեն Վարդանյանի՝ ակնհայտ խոշտանգման հետքեր կրող լուսանկարները և փորձում են հասկանալ՝ իրենց մանդատի շրջանակներում ինչ կարող են անել։