Գլխավորն այն է, որ հիմա, երբ Հայաստանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը, հիշեն և պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
«Գլխավորն այն է, որ այժմ այդ անշնորհակալ քաղաքացիները ճակատագրական սխալ չգործեն՝ ստեղծելով այս սարսափելի ինտրիգը, որը ոչ թե բխում է սեփական շահերից, այլ դրանց դեմ է», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր սրումն ուղղակիորեն կախված է նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը կատարել են իրենց պարտավորությունները, իսկ Արևմուտքն ու ԱՄՆ-ն անվստահելի են Հայաստանի համար, ասել է.
«Ես գիտեմ՝ Հայաստանի այն նոր սերունդը, որ հիմա իրենց նոր քաղաքական ընտրությունն են կատարում, չգիտի պատմության մասին, չգիտի մեր ժողովուրդների փոխադարձ սիրո ու դաշնակցության մասին։ Այո, տարբեր իրավիճակներ են լինում, ես դա հասկանում եմ։
Բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ պետական կամ ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով միլիոնավոր դոլարներ են Հայաստանում ներդրվել։
Բայց թող իմանան՝ գոնե նայելով Մերձավոր Արևելքին, Ուկրաինային, թեկուզ՝ նույն Սերբիային, և մտածեն, որ այդպիսի արյունալի փորձարարություն կարող են իրականացնել իրենց երկրի հետ։ Սա իմ խոսքերը չեն, սա իրականություն է, որը պետք է տեսնել»։





