Կիրակի օրվա հետ կապված մի քիչ հարցեր կան, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, որին պետք է մասնակցեմ։ Դա շատ շուտ էր պլանավորված, հակառակ դեպքում այլ կերպ կպլանավորեինք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկա կիրակի ո՞ր եկեղեցում է պատարագի մասնակցելու։
«Դրա մասին կհայտարարեմ»,- ասաց նա։
Իսկ հավասի՞ են լուրերը, թե պատրաստվում է Կաթողիկոսի տեղապահ նշանակել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, հետաքրքրվեցին լրագրողները։
«Պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել։ Դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի։ Ինձ կարծիք կհարցնեն՝ կարտահայտեմ»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ իր օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային։
«Անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով որ առնչվում է հոգևոր բովանդակության հետ։ Այս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ։
Ո՛չ, հերքում եմ. սա ձեր հարցի ուղիղ պատասխանն է։ Ես հերքում եմ, որ ընդհանրապես ունեմ կամ մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին։ Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։





