Արցախի Հարավ գյուղի մոտակայքում մոտ 40 րոպե առաջ ադրբեջանական զինված ուժերը մի քանի կրակոց են արձակել, բայց կրակահերթ չի եղել՝ մենահատ կրակոցներ են գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Այդ պահին գյուղում մառախուղ է եղել եւ չի երեւացել՝ որ կողմից է կրակել հակառակորդը, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել կրակոցները, ամենայն հավանականությամբ՝ գյուղին հարող դիրքերի ուղղությամբ»,- նշեց Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը հայտնեց նաեւ, որ երեկ ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում փոփոխություն չկա՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Երբ առավոտյան այցելեցի վիրավոր զինծառայողներին, նրանց առողջական վիճակը կայուն էր՝ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից 4-ին այսօր պետք է Երեւան տեղափոխեին, բայց ոչ թե առողջական վիճակի վատացման պատճառով, այլ ընթացակարգից ելնելով՝ հավելյալ հետազոտություններ կատարելու նպատակով»,- նշեց Ստեփանյանը: