Ես չեմ զարմանում այդպիսի մեկնաբանություններից, որովհետև դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոսը, որոշ դարեր ի վեր՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր՝ Ռուսաստանի ղեկավարը և այդպես շարունակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, որ Թուրքիայի նախագահն արդեն իսկ որոշում է կայացրել՝ ով պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոսը։
«Ընդհանրապես Հայաստանում Պապ թագավորից, Արշակունիներից հետո ձևավորված նման կուլտուրա չկա։ Այսինքն՝ ես չեմ զարմանում… Հոլովում են այն մարդիկ, ովքեր էդ կուլտուրայի մեջ են։ Թուրքիայի սուլթանի կամ Ռուսաստանի ցարի ընդունած կանոնակարգումներն են, որ մինչ այսօր գործում են։
Ծայրագավառային տրամաբանությունը զարգանում-զարգանում է և հանգում է շատ տրամաբանական ենթադրության. քանի որ խոսվում է մի հարց, որը դարերի ավանդույթով Թուրքիայի ղեկավարի իրավասության հարցն է, հետևաբար եթե ՀՀ ղեկավարը նման թեմաներ արծարծում է, ուրեմն լիազորություն է ստացել Թուրքիայի ղեկավարից։ Սա ծայրագավառային տրամաբանություն է»,-ասաց Փաշինյանը։
Հարցին՝ ինչ խորհրդանշական քայլերեն սպասվում գալիք տարի Թուրքիայի հետ փոխգործակցության ասպարեզում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ հասունացել է այն պահը, երբ երկու կողմից խորհրդանշական և ոչ խորհրդանշական քայլեր պետք է կատարվեն։
Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին՝ ՀՀ վարչապետն ասաց՝ դրանք շատ բարձր մակարդակի վրա են, և ցանկություն կա Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրել։





