Հորդանանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը մեծ սխալ էր, նա խոստացել է անպատասխան չթողնել Իսրայելի արարքը:
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանն ակնկալում է, որ «բոլոր իսլամական և ազատատենչ երկրները դատապարտեն Իսրայելի գործողությունը»: Հորդանանի արտգործնախարարը դատապարտել է Հանիեի սպանությունը և նշել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ գործողությունը պատերազմն ընդլայնելու նպատակով է իրագործել:
Նշենք, որ Իսրայելը բարձր մակարդակով չի ստանձնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանության պատասխանատվությունը:
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ պաշտպանության նախարարը հանդիպում է անցկացրել բարձրաստիճան զինվորականների հետ՝ քննարկելու Իրանի հնարավոր հարձակումը: Դրան ընդառաջ՝ Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է պաշտպանվել ու նաև պատասխանել ցանկացած հարձակման: