Հայ ռազմագերիների խոշտանգման և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր ադրբեջանցիների վայրագությունները վկայող հերթական տեսանյութը, ընդ որում, տեսանյութը տարածվել է դիտավորյալ՝ նախապես փակելով ռազմական հանցագործություններ կատարող ադրբեջանցիների դեմքերը՝ հետագայում դրանց նույնականացումից խուսափելու համար։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները խոշտանգում հայ զինծառայողներին։ Դեպքը վերաբերում է ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիային։
Տեսանյութում երևացող՝ ադրբեջանցիների կողմից բռնության ենթարկվող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ Դեպքը տեղի է ունեցել Արտանիշի դիրքերից մեկում, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» ջոկատի զինծառայողները։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է նրանց դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչությունից մեզ հետ զրույցում ևս փաստել էին, որ տեսանյութում երևացող զինծառայողները, ինչպես նաև՝ տեղանքը նույնականացված են, կադրերում երևում է, որ զինծառայողները ողջ են և վիրավոր, սակայն զինծառայողներին սպանված են վերադարձրել։ Այլ խոսքով՝փաստացի հայ ռազմագերիներին դաժանաբար սպանում են և մարմինները հայկական կողմին փոխանցում որպես մարտի դաշտում զոհված զինծառայողի մարմին։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 148-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանությունը և միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար, եթե նա իմացել է, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նշված հանցանքներից որևէ մեկը, և եթե իր իրավասության սահմաններում նա չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` այդ հանցագործությունը խափանելու կամ կանխելու համար։